ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին:
Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը:
Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ նման հետաքրքիր ու ինտերակտիվ ձևավորումները կարևոր են նաև դաստիարակչական առումով և ինքնատիպ խթան կհանդիսանան շախմատի նկատմամբ հետաքրքրության էլ ավելի բարձրացմանը: Քաղաքապետը նաև նշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման այսօրինակ լրացումները կրելու են շարունակական բնույթ և համալրելու են բոլոր վարչական շրջանները:
Շախմատի տախտակը միայն դեկորացիա չէ. ցանկության դեպքում յուրաքանչյուր ոք կարող է բարձրանալ մոտ 30 քմ մակերեսով խաղատախտակի վրա ու, տեղափոխելով խաղաքարերը, շախմատ խաղալ: Տարածքը, որտեղ տեղադրվել է ինտերակտիվ շախմատային տախտակը, վերահսկվում է տեսախցիկներով: