Կապանում ներկայացվել են Սյունիքի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարները
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով Կապանի երկրագիտական թանգարանի փոքր դահլիճում արդեն 5 օր է` անցկացվում է Սյունիքի մարզի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: Ներկայացված են 40 լուսանկարներ, որոնցում հիմնականում ընդգրկված են մարզում առկա տարբեր ոճի հուշարձաններ` ժայռապատկերներ, տապանաքարեր, խաչքարեր, եկեղեցիներ, վանական համալիրներ, հուշարձանների վերակառուցմասն նախագծեր, նաեւ մարզի աղբյուրները, կամուրջները, անգամ` կուռքերի արձանները: «Լուսանկարներից 20-ը մեզ է տրամադրել «Պամամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, իսկ մյուս մասը պատրաստվել է մեր աշխատակիցների կողմից: Դրանք գունավոր եւ բարձր որակի լուսանկարներ են, որոնք ավելի քան մեկ ամիս ցուցադրությունից հետո նվիրելու ենք թանգարանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:
Սյունիքի պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարների ցուցադրությունը հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել տարածաշրջանում տեղակայված զորամասերի զինծառայողների համար, որոնք ներկա են եղել լուսանկարների ցուցադրության բացման հանդիսությանը: Ի դեպ, հայրենիքի հանդեպ իրենց պարտքը Կապանում կատարող զինծառայողները ակտիվ մասնակցում են տարածաշրջանի հուշարձանների մաքրման ու կանաչապատման աշխատանքներին: