4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երաժիշտ եւ երգահան Յաննին երջանիկ է կրկին Հայաստանում գտնվելու համար: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտն անձամբ` ընդգծելով, որ Հայաստանի մշակույթը շատ «ջերմ» է, իսկ ինքը ոտքը հայկական հողին դնելուն պես տպավորություն է ունեցել, որ տանն է:
Յաննին ուրախ է, որ կրկին հնարավորություն ունի ելույթ ունենալու հայ հանդիսատեսի առջեւ, քանի որ նախորդ անգամ խոստացել էր նորից գալ Հայաստան` մեկ կամ մեկուկես տարի անց: «Շատ երջանիկ եմ վերադարձիս համար: Ուրախ եմ հայկական հյուրասիրությանն արժանանալու համար»,- ասաց նա:
Յաննին երաժշտության մեջ կանոններ չի ընդունում: «Ես պատրաստ եմ երաժշտության մեջ օգտագործել ցանկացած գործիք, եթեայնկարող է արտահայտել մարդու հույզերը: Երաժշտական տարբեր ոճերի միացումը ես ստիպողաբար չեմ անում, դա ներքուստ է գալիս»,- ասաց նա:
Երաժիշտը պատմում է, որ իր հիշողությունը շատ ուժեղ է, եւ ինքը դժվարությամբ է մոռանում որեւէ մեղեդի:
Յաննիի երեւանյան համերգին անակնկալներ են լինելու, սակայն դրանց մասին նա չցանկացավ խոսել`նկատելով, թե այդ դեպքում դրանք անակնկալներ չեն լինի:
«Անցած տարվա երեւանյան համերգն իմ կյանքի ամենալավ պահերից է եղել: Այնքան եմ պատմել հայաստանյան ընդունելությունից, որ քույրս էլ է այս անգամ ժամանել այստեղ ինձ հետ»,- նշեց Յաննին:
Անդրադառնալով հայերի եւ հույների նմանություններին` հույն երաժիշտը նշեց, որ իրականում նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները: «Երբ ես երեխա էի, շատ էի լսում եւ նվագում հայկական երաժշտություն»,- ասաց նա` հիշելով, որ մանկության տարիներին իրենք շատ աղքատ են եղել եւ ինքը ունեցել է միայն մեկ ռադիո:
Անդրադառնալով իր նախասիրություններին` հույն երաժիշտը նշեց, որ սիրում է ամեն ինչ, ինչը կապված է օվկիանոսի ու ընդհանրապես ջրի հետ: «Լողալ, նավարկել, սուզվել, լինել ջրի տակ,սիրում եմցանկացած բան, ինչ կապված է ծովի հետ»,-ասաց նա:
Մեծ երազանքներ Յանին չունի, քանի որ իր երազանքների մեծ մասն արդեն իրականություն է դարձել:
Յաննին հայաստանյան երկու համերգների ընթացքում հանդես կգա ինչպես հին եւ սիրված, այնպես էլ նոր եւ հետաքրքիր ստեղծագործություններով: Համերգային ծրագրով նախատեսված է, որ Յաննին կկատարի շուրջ 20 ստեղծագործություն, որոնց շարքում ընդգրկվել են նաեւ հետեւյալ ստեղծագործությունները` Santorini, Truth of Touch, Keys to Imagination, Felitsa, Voyage, The End of August, The Rain Must Fall, Cello Solo, Vertigo, Niki Nana, Standing in Motion: Կհնչի նաեւ ամենահայտնի եւ սիրված One Man's Dream կատարումը, որով էլ նախատեսվում է եզրափակել համերգը: Համերգին մասնակցելու է նաեւ մեր հայրենակից, ջութակահար Սամվել Երվինյանը։
Համերգները կկայանան ապրիլի 20-ին եւ 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յաննիի համերգի տոմսերի արժեքը 5-80 հազար դրամ է: Երաժիշտը Հայաստանում արդեն համերգով ներկայացել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին նույն բեմում: Համերգի ընթացքում երաժշտին ուղեկցում են սովորաբար նրա հետ հանդես եկող շուրջ 40 երաժիշտները: