«Արարատ 73»-40 տարի անց. Սերգեյ Բոնդարենկո

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ 73»-ի հաղթանակը կերտողների մեջ կան նաեւ ոչ հայկական ազգանուններ, որոնք եւս ոսկետառերով են գրվել մեր ֆուտբոլի պատմության մեջ: Նրանցից մեկն «ամենահայ» ուկրաինացին է` Սերգեյ Բոնդարենկոն: Հայաստանում մեծացած եւ ապրած ֆուտբոլիստն այսօր էլ երախտագիտությամբ բարձրաձայնում է, որ շնորհակալ է Աստծուն, որ ապրել է հայերի հետ: «Արմենպրես»-ը շարունակում է լեգենդար թիմի ֆուտբոլիստներից իմանալ մինչեւ այսօր դեռ չասվածը:

Պատմում է Սերգեյ Բոնդարենկոն:

Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան: ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբիառաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում: Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել`32 գնդակ:

-Ինչպես եւ երբ եկաք Հայաստան:

-Նախ ամեն անգամ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ հայերի հետ եմ ապրել, որ այսօր ամեն հայի նման կարոտում եմ Հայաստանը: Հայաստան եկել ենք 1952 թվականին, երբ ես 4 տարեկան էի: Սովորել եմ Երեւանի թիվ 77 դպրոցում, հետո ավարտել Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

-Ֆուտբոլի Ձեզ տարան, թե դուք գնացիք:

-Այն տարիներին ամեն դպրոց իր թիմն ուներ: Ես խաղում էի մեր դպրոցի թիմում: Ընդունվեցի ֆուտբոլի դպրոց, որտեղ մարզիչս Չալիկյանն էր: Մեր թիմը մասնակցեց դպրոցականների ԽՍՀՄ առաջնությանը, որն անցկացվում էր Բելառուսում: Մենք հաղթեցինք: Այնուհետեւ խաղացել եմ «Արաքս» գործարանի թիմում, որը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության Բ խմբում: Այդ ժամանակ «Արարատ»-ի մարզիչը Արտյոմ Ֆալյանն էր, նա ինձ վերցրեց «Արարատի» փոխարինող կազմում: Առաջին գնդակը խփել եմ Ալմա-Աթայի «Կայրաթ»-ի դարպասին, երբ Ֆալյանը Զանազանյանի փոխարեն ինձ դաշտ մտցրեց:

-Ինչպես եք հիշում այդ փառահեղ 1973 թվականը:

-Մինչ այդ փառահեղ թվականը, մենք հինգ տարում «Արարատ»-ի բոլոր տարիների պարտության «պարտքերը մարեցինք»: Մենք հաղթարշավ էինք անցկացնում մոսկովյան ակումբների նկատմամբ: Մոտ 3 տարի մենք Մոսկվայի չեմպիոնն էինք: Անկեղծ ասեմ, մոսկվացիները մարզադաշտում մեզ էին երկրպագում: Արտագնա խաղերում միշտ հաղթում էինք: Մոսկվայում կայացած գավաթի խաղից հետո մենք Երեւան չվերադարձանք, մեկնեցինք Դոնեցկ առաջնության հերթական հանդիպմանը` «Շախտյոր»-ի հետ: Այստեղ էլ գործը հասավ 11 մետրանոց հարվածներին: Հաղթեցինք: Երեւան վերադարձանք որպես ԽՍՀՄ գավաթակիր եւ Բարձրագույն խմբի առաջատար: Ծով ժողովուրդ էր հավաքվել օդանավակայանում: Հանրապետության բոլոր շրջաններից մարդիկ ինքնակամ եկել էին: Մայրս պատմեց, որ գավաթը նվաճելուց հետո մեր բակ են մտել ֆուտբոլասերներ, մայրիկիս ձեռքերով օդ են թռցրել: Միամիտ կինը վախեցել էր: Մնացածի մասին շատ ասվեց եւ գրվեց, այդ սերունդը չի մոռացվում:

- Ինչ եք կարծում, ինչպես են Ձեզ հիշում Հայաստանում:

- Մեր ժողովուրդը ինձ եւ բոլորին չի մոռանում: Ամենաթարմ պահն ասեմ: Երբ Երեւանում կայացավ ԽՍՀՄ-ի եւ «Արարատ»-ի վետերանների հանդիպումը, մինչ դա կայացավ Հայաստան-Ռուսաստան ընկերական խաղը, որին ես հրավիրատոմսով ներկայացա: Երբ մտա մարզադաշտ, երիտասարդ ոստիկանը, ով 1973-ին երեւի ծնված էլ չէր, ակնածանքով ասաց. «Պարոն Բոնդարենկո, Ձեր տոմսն էլ հո չեմ պատռելու»: Իսկ մինչ օթյակի իմ տեղը հասնելը մարդիկ ոտքի կանգնեցին ու ծափերով ուղեկցեցին ինձ: Շատ հուզվեցի: Իսկ Նիկիտա Սիմոնյանը կարոտած հոր նման գրկեց ինձ: Սիմոնյանն ուրիշ, անօրինակ մարդ ու մարզիչ է եղել: Նա ֆուտբոլային տեխնիկան ու տակտիկան հոր նման խրատելով սովորեցրեց մեզ:

-Ավանդական մի հարց ունեմ` Ձեր կարծիքն այսօրվա եւ 40 տարի առաջվա ֆուտբոլի մասին:

- Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ: Խաղերը որքան նման են, նույնքան էլ տարբեր են: Մենք թիմով իրար նման էինք մտածում: Մենք խաղում էինք ֆանատիզմով, նաեւ մեր ժողովրդին ուրախացնելու համար էինք լավ խաղում: Ես համոզված եմ, որ Հայաստանը ֆուտբոլի երկիր է: Իսկ հայաստանցի ֆուտբոլասերին չես կարող խաբել: Նա ուզում է լավ խաղ տեսնել, նա ավելի լավ է տեսնում քո թույլ տված սխալը: «Բավարիա»-ի հետ մեր հանդիպման ժամանակ նույնիսկ գերմանացիները զարմացել էին, որ 75 հազարանոց «Հրազդան»-ը լցվել էր, դռան մոտ հոծ բազմություն կար, իսկ հարյուրավոր մարդիկ էլ շենքերի տանիքներից էին խաղը նայում:

- Կապը ընկերների, թիմի անդամների հետ մնացել է:

- Իհարկե, մնացել է: Մենք ոչ միայն իրար ծննդյան ու այլ տոներն ենք շնորհավորում, այլ նաեւ զանգում ենք իրարից տեղեկանալու համար: Երբ նշված խաղի համար եկա Հայաստան, թիմիս ավագը` Զանազանյանը, եկավ ինձ դիմավորելու:

Ես ընկերներիս ուրախացնելու համար մի լավ բան եմ արել. Սարուխանովի կատարմամբ հնչող «Իմ սիրելի ծերունիներ» երգի հիման վրա ես տեսահոլովակ եմ նկարահանել տվել, որտեղ իմ բոլոր ընկերներն են «նկարահանվել»: Ցուցադրվում են կադրեր մեր հանդիպումներից: Երբ աշնանը գամ Երեւան, նվիրելու եմ իրենց:Ամերիկայում ունեմ «Արարատ 73» ֆուտբոլի մարզադպրոց, որտեղ հաճախում են հայ երեխաներ: Սա ինձ համար ոչ միայն զբաղմունք է, այլ նաև մխիթարություն «Արարատ 73» անվանումը միշտ հետս պահելու համար: Շատ կուզենայի նաեւ, որ սաներիցս թեկուզ մեկը մի օր խաղար մեր ազգային հավաքականում:

- Դուք «Արարատ»-ի ամենաշատ` 392 հանդիպումն անցկացրած ռեկորդային ֆուտբոլիստն եք: Հինգ տարի խաղացել եք առանց փոխարինման: Արդյոք այլ թիմերից հրավերքներ չեք ունեցել:

-Իհարկե ունեցել եմ, հատկապես ուկրաինական ակումբներից, որոնք շատ էին մրցաշարային աղյուսակում եւ առաջնակարգ տեղերում էին: Երկու շաբաթով եմ հեռացել Արարատից: Երբ Ֆալյանը գնաց Պետերբուրգի «Զենիթ»-ը մարզելու, մեր թիմից մի քանիսին տարավ իր հետ: Ինձ էլ վերցրեց: Անկեղծ ասած, ես երկու շաբաթ մնացի «Զենիթ»-ում: Առանց Ֆալյանին ասելու, տեղյակ պահելու, գաղտնի վերադարձա Երեւան:

Սերգեյ Բոնդարենկոյի հուշերը երախտագիտությամբ գրի առավՎարվառաՀայրապետյանը

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը