ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն արդեն հայերեն տարբերակ ունի: Այն ռուսերենից թարգմանել է գրող, թարգմանիչ Արտակ Վարդանյանը, խմբագիրը՝ Սեյրանուհի Գեղամյանն է, իսկ գրքի առաջաբանի հեղինակը Արամ Անանյանը:Հրատարակել է «Գրաբեր» հրատարակչությունը:
Թարգմանիչ Արտակ Վարդանյանը ծնունդով Նախիջեւանի վերջին հայաբնակ գյուղից՝ Ազնաբերդից է, և վեպում ներկայացված ագուլիսյան պատկերները հոգեհարազատ են նրան: «Այլիսլիի անունն ինձ ծանոթ էր դեռ խորհրդային ժամանակներից: Գիտեի, որ այդ գրական անունով բանաստեղծ եւ արձակագիր կա: 1990 թվականին, Բաքվում հայկական ջարդերի օրերին, երբ ադրբեջանական ռադիոյի առավոտյան լուրերն էի լսում, ուշադրությունս գրավեց մի մտավորականի խոսքը, ով թախանձագին խնդրում և հորդորում էր իր հայրենակիցներին հեռու մնալ հայերի հանդեպ բռնություններից և թշնամանքից, հարցերը լուծել միայն խաղաղ ճանապարհով: Մի քանի օր անց մեր լրատվությունից տեղեկացա, որ այդ մարդը հենց Աքրամ Այլիսլին էր, և որ ադրբեջանցի ջարդարարները մտել էին նաև նրա տուն, ծեծել ու խոշտանգել նրան միայն նրա համար, որ «հանդգնել էր» պաշտպանել հայերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Արտակ Վարդանյանը: Թարգմանչի խոսքով` ռումբի պայթյունի իր ազդեցությամբ «Քարե երազների» գլխավոր հերոսի մեջ հավանաբար հենց մարմնավորված է հեղինակի կերպարը:
Տարիներ անց` այս տարվա հունվարին, Արտակ Վարդանյանը ծանոթացել է վեպի ռուսերեն տարբերակին: Գիրքն այնքան խոր ազդեցություն է թողել նրա վրա, որ ընթերցելուն զուգահեռ միաժամանակ սկսել է թարգմանել: Թեեւ թարգմանիչը միստիկ թվերին չի հավատում, այնուամենայնիվ, թարգմանությունն իրականացրել է ուղիղ 40 օրվա ընթացքում: Վեպի հայերեն թարգմանությունն անհրաժեշտություն էր, քանի որ, Արտակ Վարդանյանի կարծիքով, ասելիքը հայերեն ավելի ազդեցիկ է: «Այլիսլին մեծ գրող է: Բացի դրանից, անհրաժեշտ է իմանալ, որ հարեւան Ադրբեջանում նաև ազնիվ մտավորականներ են ապրում, Աքրամ Այլիսլիի պես մարդասերներ, օրինակ՝ Ռուստամ Իբրահիմբեկովը, Ռահման Բադալովը»,- ընդգծեց թարգմանիչը:
Գրքի շապիկին Լուսիկ Ագուլեցու «Ագուլիս» շարքի գեղանկարներից մեկն է: Ի դեպ, նկարչուհին նաեւ Այլիսլիի գրքի հերոսներից է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լուսիկ Ագուլեցին կարեւորեց գիրքը զգացմունքով գրված լինելը եւ գրողի խիզախությունը:Ագուլեցին հիշում է, որ երբ 14 տարեկան էր եւ գնացել էր Սուրբ Թովմա Առաքյալի վանքի բակ՝ նկարելու, իր տատը խոսելիս է եղել մի երիտասարդի հետ եւ նրա հեռանալուց հետո ասել է. «Կրթված, խելացի տղա է»: Այդ խելացի տղան պետք է դառնար հետագայում անվանի գրող Աքրամ Այլիսլի եւ իր բազմաթիվ գործերի կողքին ստեղծեր նաեւ «Քարե երազները»: Լուսիկ Ագուլեցու կարծիքով` Այլիսլին ունեցել է յուրահատուկ «երրորդ աչք», որը հնարավորություն է տվել զգալ այդ ամենը, ըմբռնել եւ ներկայացնել ընթերցողներին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթը գրում է. «Եթե գիրքը հուզի ընթերցողի սիրտն ու հոգին, ապա միայն այն մեծ ու անսահման սիրո պատճառով, որ հեղինակն ու թարգմանիչը տածում են առաջինն իր ծննդավայրի, երկրորդը՝ իր կորցրած հայրենիքի նկատմամբ»:
Գիրքը մեծ աղմուկ եւ հիստերիայի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում:Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից եւ անհատական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին: «Քարե երազներ» վեպում, որն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն պատմում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-1990-ականներին Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդեր իրագործած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: Գրողը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություններին` խնդրելով ծանոթանալ իր վեպին եւ վերաբերմունք արտահայտել նրա նկատմամբ: Այլիսլին ափսոսանք է հայտնել իրեն «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական կենսաթոշակից զրկելու մասին Ալիեւի հրամանագրի առնչությամբ: Իսկ նրա նկատմամբ հալածանքների ու հիստերիայի գագաթնակետը«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդի հայտարարությունն էր` 10 հազար մանաթ պարգևավճար Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար:
Պատրաստեց Արուսիկ Զախարյանը