«Երևանյան բեսթսելլեր» 13. «Մաշան և արջը» հեքիաթի ժամանակակից տարբերակը կրկին առաջատար է
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում արդեն երկրորդ անգամ առաջատարն է «Մաշան և արջը» մուլտֆիմի սյուժեի հայերեն թարգմանական-գրական գործը: Երկրորդ հորիզոնականում հայ ժամանակակից գրող Էդուարդ Սաֆարյանի «Մասունքի խորհուրդը» գիրքն է, ինչը գործակալության վարկանիշային աղյուսակում առաջին անգամն է: Լիպարիտ Սարգսյանի «Գանձերս երգերն են իմ» գիրքը ևս ընդգրկված է առաջին անգամ և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Ամենաշատ գնված գրքերի ցանկի չորրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունն է: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ ևս ընդգրկված է «Երևանյան բեսթսելլեր» նախագծում: Այս անգամ այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Վեցերորդ և յոթերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի հեքիաթները, որոնց հաջորդում է նախորդ երկու շաբաթներում անընդմեջ առաջատար գրանցված Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը»: Իններորդ հորիզոնականում Ջորջ Օրուելի արգելված գրքերից «1984»-ն է, որը պարբերաբար է հայտնվում գործակալության վարկանիշային աղյուսակում: «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաշատ գնված գրքերի ցանկն այս շաբաթ եզրափակում է «Սպիտակաձյունիկ» հեքիաթի գիրք-տիկնիկը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագիծը, որը հետաքրքրություն է առաջացրել գրողների, հրատարակչությունների և ընթերցողների շրջանում, շարունակվում է հրապարակվել «Գրական թերթ» շաբաթաթերթում:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 |
Մաշան և արջը |
Բուկինիստ | 57 | |
| 2 | Նոր |
Էդուարդ Սաֆարյան «Մասունքի խորհուրդը» |
Անտարես | 45 | |
| 3 | Նոր |
Լիպարիտ Սարգսյան «Գանձերս երգերն են իմ» |
Էդիտ Պրինտ | 37 | |
| 4 | +4 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 22 | |
| 5 | -1 |
Գրիգոր Նարեկցի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 20 | |
| 6 | -1 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ » |
Արևիկ | 15 | |
| 7 | +1 |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ » |
Արևիկ | 13 | |
| 8 | -7 |
Արմեն Օհանյան «Կիկոսի վերադարձը» |
Անտարես | 10 | |
| 9 | -4 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
| 10 | Նոր |
«Սպիտակաձյունիկը» |
Բուկինիստ |
6 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը