Մարզային

Գյումրիում անցկացվելիք «Մշակույթների երկխոսության»-ն այս տարի մեծ թվով արտասահմանցի մասնագետներ կմասնակցեն

2 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվելիք «Մշակույթների երկխոսության»-ն այս տարի մեծ թվով արտասահմանցի մասնագետներ կմասնակցեն

ԳՅՈՒՄՐԻ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 15-17-ը տեղի կունենա «Մշակույթների երկխոսություն» միջազգային VII գիտաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց գիտաժողովի աշխատանքների համակարգող Հասմիկ Հարությունյանը, արդեն ստացվել է մոտ վաթսուն գիտական հաղորդում: Դրանցից 13-ն արտասահմանյան տարբեր երկրների ներկայացուցիչների հայտերն են: «Դեռ շարունակում ենք հայտեր ստանալ: Եղած հայտերից շատերը բավական մեծ դեմքեր են համաշխարհային մշակութային ասպարեզում, օրինակ` ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, երաժշտագետ- փիլիսոփա, մշակութաբան դոկտոր Միխայիլ Արկադեւը, ով մրցույթ-փառատոնին ոչ միայն մասնակցելու է որպես ժյուրի անդամ, այլ նաեւ կանցկացնի վարպետության դասեր: Նա գիտաժողովի ընթացքում հանդես կգա «Երաժշտության ռիթմի հետազոտություն» թեմայով նեղ մասնագիտական աշխատանքով: Ուզում եմ առանձնացնել նաեւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտա Եսիպովայի աշխատությունը՝ Քրիստոնեկան նեստորականության եւ բուդդայականության ծիսական կապերի մասին, որում առանձնացված է նաեւ հայկական ծնծղայի հետ կապված ծիսական գործառույթը»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:

Գիտաժողովին կմասնակցեն նաեւ ներկայացուցիչներ Ուկրաինայի Չայկովսկու անվան երաժշտական ակադեմիայից: Նրանք կներկայացնեն Ա. Սպենդարյանի ուկրաինական երգերի մշակումները, որպես մանկավարժական ուղեցույց, Ա. Խաչատրյանի ազդեցությունն ուկրաինական կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա եւ այլ աշխատություններ: «Այսօր համացանցում կան շատ հետաքրքիր մասնագիտական հրապարակումներ, բայց նմանատիպ գիտաժողովներն ավելի լայն հնարավորությւոն են տալիս փոխադարձ շփման համար: Երբ հեղինակն անձամբ է ներկա լինում գիտաժողովին, ուրեմն փոխադարձ շփումների ընթացքում ձեռք ենք բերում ոչ միայն բարեկամություն, այլեւ ստեղծագործական հետաքրքիր կապեր»,- ավելացրեց Հասմիկ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում