Կապանում եւ Աճանանում մինչեւ 2020 թ. անտառվերականգնման լայնածավալ ծրագիր կիրականացվի
3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Կապանի քաղաքապետարանում կազմակերպվել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան եւ Աճանան համայնքների տարածքում 21,6 հա տարածքի անտառվերականգնում» ծրագրի հասարակական լսում, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ, համայնքի բնակիչներ: Ծրագիրը նպատակ ունի հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում խախտված հողերի փոխարեն իրականացնել անտառվերականգնման աշխատանքներ: Մշակված ծրագիրը նախատեսում է անտառների հիմնում, խնամք եւ տարածքի ցանկապատում: «Խորհրդային տարիներին նման նախագիծ եղել է` Կապան քաղաքի ողջ շրջակայքում ստեղծելու կանաչ գոտի: Սակայն նախորդ դարի 80-ականների վերջին հայտնի դեպքերից հետո այն իրականացվել է մասամբ», - ասում է «Խուստուփ» բնապահպանական հկ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը:
Ըստ մասնագետների, ծրագրի արդյունքում, մասնավորապես, Կապան քաղաքում կկարգավորվի սելավների ժամանակ ջրի հոսքը, կվերանա հողերի էրոզիան, կստեղծվի բարենպաստ միկրոկլիմա: Իսկ Աճանանի համար օդը մաքրող անտառային գոտու ստեղծումը շատ կարեւոր է, քանի որ գյուղի վարչական տարածքում է գտնվում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պոչամբարը:
«Արմենպրես»-ի հաղարդմամբ` ծրագրի շրջանակներում նախատեսված է տնկել տարածաշրջանին բնորոշ երաշտադիմացկուն ծառատեսակներ: Գլխավոր ծառատեսակը լինելու է հունական ընկուզենին, կտնկվեն նաեւ վայրի տանձենի, դրախտածառ, կովկասյան փռշնի եւ այլ տեսակներ: Ենթադրվում է տնկիների մոտ 60 տոկոս կպչողականություն: Ծրագրի արդյունքում կստեղծվեն սեզոնային աշխատատեղեր: Այն մտահոգությունը, որ այսպիսով քաղաքում խոնավության աստիճանը կբարձրանա, բնապահպաները նշել են, որ տարիների ընթացքում տեղումների քանակը նվազում է, ինչի դեմ կարող է պայքարել հենց հիմնվելիք անտառային գոտին: Տնկիների համար կկազմակերպվի նաեւ ոռոգման աշխատանքներ: Թեքությունները մեծ են եւ որոշվել է ռետինե խողովակների միջոցով իրականցնել ոռոգում: Ծրագրի ավարտին` 2020թ-ին, երկու համայնքների վարչական տարածքում նախատեսված է ունենալ 48 հազար 800 ծառ: Առաջարկված դիտողություններն ու նկատառումները հաշվի առնելով` ծրագրի պատասխանատուները պետական լիազորված մարմնին կներկայացնեն հիմնավորված որոշում:
Բնապահպանական այս ծրագիրը կազմվել է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի եւ «Կանաչ դիզայն» ՍՊԸ-ի կողմից: