Երևանյան բեսթսելլեր 12. «Կիկոսի վերադարձը» շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագծում Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձն» առաջատարն է երկրորդ շաբաթն անընդմեջ: Թեեւ նախորդ յոթ օրերին գրքի վաճառքի տեմպերը նվազել են, սակայն այն կրկին գլխավորում է բեսթսելլերների ցանկը (նախորդ շաբաթ վաճառվել էր գրքի 225, այս շաբաթ` 60 օրինակ): Հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիմի սյուժեի հայերեն թարգմանական-գրական գործը, որը ևս նախորդ շաբաթներին աննախադեպ մեծ թվով էր վաճառվել, այս շաբաթ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը գործակալության վարկանիշային աղյուսակում չորրորդ հորիզոնականում է: Հովհաննես Թումանյանի հեքիաթներն, ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս զբաղեցնում են հինգերորդ հորիզոնականը, որին հաջորդում է Մարկ Արենի` հայ ժամանակակից գրող Կարեն Մարգարյանի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գիրքը:
Կոլոմբիացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը «Երևանյան բեսթսելլեր» նախագծում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, իսկ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ութերորդ հորիզոնականում է:
Վարկանիշային աղյուսակում առաջին անգամ տեղ գտած ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» վիպակը զբաղեցնում է իններորդ հորիզոնականը: «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաշատ գնված գրքերի ցանկն այս շաբաթ եզրափակում է Նվարդ Վարդանյանի «Զրուցասեր գունապնակ» գիրքը:
«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Արմեն Օհանյան «Կիկոսի վերադարձը» |
Անտարես | 60 | |
| 2 | +2 |
Մաշան և արջը |
Բուքինիստ | 57 | |
| 3 | +1 |
Պաուլո Կուելո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 19 | |
| 4 | +2 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 18 | |
| 5 | +3 |
Հովհաննես Թումանյան Հեքիաթներ |
Արևիկ | 13 | |
| 6 | +4 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» |
Տիգրան Մեծ | 10 | |
| 7 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
9 | ||
| 8 | +1 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 8 | |
| 9 | Նոր |
Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին ու ծովը» |
Անտարես | 7 | |
| 10 | Նոր |
Նվարդ Վարդանյան «Զրուցասեր գունապնակ» |
Ակտուալ արվեստ |
6 |
«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը