Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվել է հայրենի Շիրակի մարզում
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարտի 26-ին ընդունել է հունահռոմիական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին: Շնորհավորելով վերջինիս փառահեղ հաղթանակի համար՝ մարզպետը Արթուր Ալեքսանյանին է հանձնել դրամական պարգեւ՝ 400 հազար դրամ եւ հուշանվեր:
Նույն օրը գյումրեցի մարզիկին ընդունել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, քաղաքապետը շնորհավորել է տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ՝ նշելով, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր է պահում հայկական սպորտի պատիվը եւ մեկ անգամ եւս վերահաստատում, որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ քաղաքապետը Արթուր Ալեքսանյանին տրամադրել է քաղաքի կենտրում գտնվող հողատարածք՝ տուն կառուցելու համար: