Հարցազրույց

Հայաստանում ապրող հույները Զատկին ուլ են խորովում, հարսանիքի նախորդ օրն էլ փեսայի տանը ծիսակարգ են անում

9 րոպեի ընթերցում

Հայաստանում ապրող հույները Զատկին ուլ են խորովում, հարսանիքի նախորդ օրն էլ փեսայի տանը ծիսակարգ են անում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հունական բարեկամական կապերը հազարամյակների պատմություն ունեն: Հայաստանում բնակվող փոքրաթիվ հունական համայնքը իր ուրույն տեղն ունի Հայաստանի ազգային փոքրամասնությունների շարքում: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Իլիոս» հույների համայնք հասարակական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսի հետ՝ հունական համայնքի ներքին կյանքի, տոների, հարսանեկան արարողությունների, հայ-հունական փոխհարաբերությունների եւ այլ հարցերի մասին:

-Պարոն Ռաֆայելիդիս, ներկայում որքա՞ն հույն է ապրում Հայաստանում:

-Հայաստանում բուն հունական համայնքը 1200 հոգանոց է: Հույները հիմնականում բնակվում են Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Արցախի Մեհմանա գյուղում: Ես եղել եմ այնտեղ սահմանադրության հաստատման ժամանակ, երբ ինձ հրավիրել էին որպես դիտորդ:

-Կցանկանայի զրուցել հունական համայնքի ներքին կյանքի մասին, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչտոներ եւ հիշատակի օրեր ունեն:

-Հույները Հայաստանում բնակվում են 350 տարուց ավելի, հիմնականում եկել են որպես հանքագործներ՝ Ալավերդու հանքերը շահագործելու համար: Հանքավանում եւս կան հույներ, ովքեր հիմնականում հանքագործներ են եւ տեղի բնակչությանը սովորեցրել են հանքարդյունաբերությունը: Մենք ունենք մեր ազգային տոնը մարտի 25-ին, որի ժամանակ ցնծությամբ նշում ենք թուրքական լծից Հունաստանի ազատագրման օրը, հոկտեմբերի 28-ին նշում ենք Օխին, որը ֆաշիզմին միասնականորեն ոչ ասելու եւ իտալական օկուպանտներին Հունաստանից դուրս քշելու օրն է: Սակայն հույների ամենասիրած տոնը Զատիկն է: Այդ օրը հույները միմյանց նվերներ են անում՝ հատկապես թանկարժեք նվերներ են տալիս սանիկների կնքահայրերն ու կնքամայրերը: Զատկի գլխավոր կերակուրը խորոված ուլն է: Ամեն տարի մայիսի 19-ին նշվում է Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, որի ընթացքում 500 հազար հույն է սպանվել: Մենք նաեւ ապրիլի 24-ին հայերի հետ հիշատակում ենք Ցեղասպանության զոհերին, ծաղիկ եւ ծաղկեպսակներ ենք դնում:

-Կա՞ն արդյոք համայնքի ներկայացուցիչներին բնորոշ մասնագիտություններ:

-Հույներին հատուկ, տիպիկ մասնագիտություններ չկան: Հայաստանում կան հույն դասախոսներ, բժիշկներ, ինժեներներ, գիտնականներ եւ այլ մասնագետներ:

-Հույների համար ի՞նչ ուսումնական հաստատություններ են գործում Հայաստանում:

-Հայաստանում գործում է N 74 դպրոցը՝ հունարենի թեքումով, համագործակցում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ: Այս տարի արդեն 4 հոգի ունենք, որոնք երկամսյա պրակտիկա են անցել 74 դպրոցում: Կան կիրակնօրյա դպրոցներ, նախկինում գործում էր N 12 դպրոցը, որը հունարեն թեքումով չէր, սակայն լեզուն ուսումնասիրվում էր: Բրյուսովի համալսարանում գործում է հունական կենտրոն, ունենք 4 դասախոս, որոնցից մեկը մեկնել է Կիպրոս վերապատրաստման:

-Շա՞տ են հունարեն սովորել ցանկացողները:

-Այս պահին որպես առաջին լեզու հունարեն են ուսումնասիրում 4 հոգի, բայց եկող տարվանից հնարավոր է, որ բացվի հունարենի ամբիոն:

-Կցանկանայի խոսենք հույների ամուսնական արարողությունների մասին, հայտնի է որ հույների հարսանիքները շքեղությամբ են աչքի ընկնում:

-Հայաստանի հույները գրեթե հայերի նման են նշում ամուսնական ծիսակատարությունը, բայց մի փոքր տարբերություն կա: Հարսանիքի նախորդ օրը հարսի ընկերուհիները եւ փեսայի ընկերները հավաքվում են փեսայի տանը, զարդարում են նորապսակների սենյակը եւ մահճակալը, ծածկոցի վրա լցնում են բրնձի հատիկներ, դրամ, ծաղկաթերթիկներ, կոնֆետներ: Դրանք խորհրդանշում են լիություն եւ երջանկություն: Նաեւ փոքր տղաներ են պառկեցնում մահճակալին, որ շատ զավակներ ծնվեն՝ հատկապես արու զավակներ (ծիծաղում է): Շատ հետաքրքիր է ափսեներ նետելու եւ ջարդելու սովորույթը Սիրտակի պարի ժամանակ: Եվ հանդիսականները եւ պարողները կարծես գայթակղվում են, գուցե չարն է խափանվում, ինչպես հայերի մոտ, երբ հարսանիքներին փեսայի տան շեմին ափսե են կոտրում:

-Ի՞նչ ուխտագնացության վայրեր ունեն հույները Հայաստանում:

-Հայաստանում ուխտագնացության վայր է Ախթալան: Ամեն տարի սեպտեմբերի 15-ին հույները գնում են Ախթալայի վանքուխտագնացության: Այնտեղ տապանաքարերի մեծ մասի վրա հունարեն գրություններ կան: Հանքավանում և Ստեփանավանում նույնպես կան հունական եկեղեցիներ: Ամբողջ աշխարհի պոնտոսյան հույներն ամեն տարի ուխտագնացության են մեկնում Պանայոտիս Սիմելա վանքը, որը գտնվում է Թուրքիայում` Տրապիզոնի մոտ:

-Ի՞նչ կասեք համայնքի խոհանոցի մասին:

-Հույների խոհանոցը նման է հայերի խոհանոցին: Հույները նույնպես պատրաստում են բրնձով եւ համեմունքներով տոլմա: Վերջերս անց է կացվել տոլմայի փառատոն, որի ժամանակ ստացել ենք հուշամեդալ (ցույց է տալիս պատից կախված մեդալը):

-Ի՞նչ հարցեր են այսօր անհանգստացնում հույներին Հայաստանում:

-Հայերի հետ մենք բարիդրացիական եւ ջերմ հարաբերություններ ունենք և ոչ մի խնդիր չունենք: Վերջերս Եվրախորհրդից եկել էին, բոլորս էլ դրական արտահայտվեցինք, հայերի հետ համերաշխ ապրում ենք:

-Հույները հետաքրքրվու՞մ են հայոց պատմությամբ, մշակույթով: Հավասարաչա՞փ է արդյոք նրանց մոտ հունական եւ հայկական մշակույթների նկատմամբ հետաքրքրվածությունը:

-Իհարկե երկու ազգերի մշակույթներով էլ հետաքրքրվում են: Օրինակ, կինս հայ է, երեխաներս` ծնված խառը ամուսնությունից: Հունաստանի Սինոդի ղեկավարը երկու անգամ եկել է Գարեգին Ա եւ Բ կաթողիկոսների ժամանակ: Պատարագ է մատուցվել Սուրբ Սարգիս եկեղեցում: Ռուսական ուղղափառ եկեղեցի շատ քիչ ենք գնում, ավելի շատ հաճախում ենք հայկական եկեղեցիներ՝ մանավանդ Սուրբ Սարգիս եկեղեցին՝ ինքն էլ է չէ հույն (ծիծաղում է):

-Դուք«Իլիոս» հասարակական կազմակերպության ղեկավարն եք: Կներկայացնեք, թե ինչո՞վ է զբաղվում Ձեր կազմակերպությունը:

-«Իլիոսը» կազմակերպում է տարբեր միջոցառումներ Բրյուսովի անվան համալսարանի դահլիճում, ռեկտորը մեզ այն սիրով տրամադրում է: Հայաստանում կա հունական ֆեդերացիա, որին մենք ենթարկվում ենք: Այն կոչվում է «Համայնքների միություն», ղեկավարն է Արկադի Խիտարովը: Տոնում ենք մեր տոները, համայնքի ներկայացուցիչները գալիս են, միասին նշում ենք: Մենք նաեւ ուսանողներին ուղարկում ենք Հունաստան՝ մեկ ամսով արձակուրդ անցկացնելու: Այնտեղ գործում էր ճամբար, տարվա մեջ ուղարկում էինք մոտ 70 երեխա: Սակայն այս տարի դադարեցրել ենք այդ ծրագիրը, քանի որ Հունաստանում սոցիալական վիճակը վատ է: Համագործակցում ենք դեսպանատան հետ, նրանք մեզ օժանդակում են յուրաքանչյուր հարցում:

-Եթե Երեւանի փողոցում հույն տեսնենք, կարո՞ղ ենքհագ ու կապով կամ այլ կերպ տարբերել:

-Մենք հագուկապով չենք տարբերվում հայերից, սակայն Հունաստանից եկած հույները հնարավոր է ինչ-որ կերպ տարբերվեն: Տարիներ առաջ եղել եմ Հունաստանում, զբոսնում էի Աթենքում, կարծես Երևանում լինեի, շուրջբոլորը ծանոթ դեմքեր էին:

-Իսկ Հունաստանում հայերի մասին շա՞տ բան գիտեն: Եթե շարքային հույնին հարցնենք`հայերին ճանաչո՞ւմ եք, ի՞նչ կասեն:

-Անպայման կճանաչեն, իհարկե: Հունաստանում շատ լավ ընդունել են Եղեռնից մազապուրծ հայերին: Սալոնիկում կա թաղամաս, որը նրանք են հիմնել «Կալամարիա թաղամասը»: Այն բավական բարվոք վիճակում է: Այնտեղ հենց հույներն էլ են ձգտում բնակություն հաստատել: Կան հայկական եկեղեցիներ, խաչքարեր: Բացի հայերից, հույները նույնպես այցելում են հայկական եկեղեցիներ:

-Եվ վերջում, ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը:

-Հայաստանն ինձ համար իհարկե հայրենիք է: Ես ունեմ 2 հայրենիք, ես երկքաղաքացի եմ, բայց, Հայաստանից բացի, ուրիշ տեղ չեմ կարողանում ապրել: Մշտական բնակություն եմ հաստատել այստեղ: Որդիս գիտությունների թեկնածու է, աշխատում է բանկում, դուստրս նույնպես գիտությունների թեկնածու է, աշխատում է Բրյուսովի անվան համալսարանում: Ունեմ 6 թոռ (ժպտում է):

-Շատ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար:

-Շնորհակալություն:

Զրուցեց Հակոբ Վարդանյանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում