Մարզային

Հռոմի նոր պապի գրքերը վաճառքի ռեկորդներ են սահմանում

3 րոպեի ընթերցում

Հռոմի նոր պապի գրքերը վաճառքի ռեկորդներ են սահմանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից գրված գրքերը եւ նրան նվիրված կենսագրական աշխատությունները դարձել են Արգենտինայի օնլայն խանութների բեսթսելերներ, ավանդական հրատարակությունների վաճառքները նույնպես զգալիորեն աճել են: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով ճյուղի աղբյուրներին: Այսպես, միայն քահանայապետի անվան հայտարարումից հետո անցած առաջին երկու ժամվա ընթացքում Bajalibros.com պորտալի օգտատերերը գնել են Հռոմի պապի գրած եւ նրա մասին պատմող հազարից ավելի թվային գրքեր: Հաջորդ երկու օրվա ընթացքում պահանջարկը կտրուկ աճել է եւ հասել ռեկորդային ցուցանիշների. Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորած Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Բերգոլիոյի աշխատությունները պատվիրում էին ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ նույնիսկ Վատիկանում, նշում է Infobae ինտերնետ-հրատարակությունը: Նրա տվյալներով՝ այդ գրքերի թղթե տարբերակների մի մասն այժմ պահանջարկը չի բավարարում, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակների ներբեռնումների թիվը շարունակում է աճել:

Արգենտինայի Սալտա քաղաքի գրախանութներում անցած չորեքշաբթի օրը մի քանի ժամվա ընթացքում գնվել են Պապի բոլոր գրքերը: Նույն իրավիճակն է նաեւ Սանտյագո դե Էստերո քաղաքում: Ediciones իսպանական հրատարակչական խմբի արգենտինյան ստորաբաժանումը մարտի 19-ին ներկայացնելու Է «Ճիզվիտը: Զրույցներ կարդինալ Խորխե Բերգոլիոյի հետ» գրքի վերահրատարակությունը, բայց արդեն այլ՝ «Ճիզվիտը: Ֆրանցիսկոսի՝ Արգենտինայից ընտրված Պապի պատմությունը» վերտառությամբ: Գիրքը, որի հեղինակներն են Սերգիո Ռուբինը եւ Ֆրանչեսկո Ամբրոգետին, մոտ ժամանակներս թարգմանվելու է անեւ այլ լեզուներով:

Քահանայապետի գրքերի պահանջարկն աճել է նաեւ արտասահմանում: Այսպես, իսպանական Publicaciones Claretianas կաթոլիկական հրատարակչությունը, որը Իսպանիայում հովվապետի մի շարք աշխատությունների հրատարակման հեղինակային իրավունքներ ունի, հաղորդել է «Իսկական իշխանությունը ծառայության մեջ է» գրքի մոտալուտ լույսընծայման մասին, որը բաղկացած է Բերգոլիոյի՝ նախքան պապական աթոռին ընտրվելն արված գրառումներից եւ հոտին հասցեագրված ուղերձներից:

Քահանայապետի գրչին է պատկանում 11 գիրք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում