1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Վասիլի Իվանչուկն անդրադարձել է իր եւ Լեւոն Արոնյանի պարտիային աշխարհի շախմատի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Իվանչուկըմրցաշարի երրորդ տուրում պարտվեց Լեոն Արոնյանին: «Իմ սխալն այն էր, որ ցանկացա ստեղծագործաբար խաղալ: Իմ 31-րդ քայլը լավ որոշում էր, սակայն, միեւնույնն է, ես պարտվում էի ժամանակի սղության պատճառով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջնության կազմակերպիչների պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Իվանչուկը:
ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանն առավելության հասավ Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր: Երրորդ տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր: Մարտի 18-ը հավակնորդների մրցաշարում հանգստի օր է:
Լոնդոնում ընթացող մրցաշարում Արոնյանն առաջին տուրում ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, երկրորդ տուրում առավելության հասավ Բորիս Գելֆանդի նկատմամբ: Հաջորդ` չորրորդ տուրում հայաստանցի գրոսմայստերի մրցակիցը Պետեր Սվիդլերն է: Մյուս զույգերը կկազմեն Մագնուս Կարլսեն- Ալեքսանդր Գրիշչուկ, Թեյմուր Ռաջաբով- Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ- Վասիլի Իվանչուկ: