Մշակույթ

Հայաստանում կրկնօրինակվում են Հին Ջուղայի ավերված խաչքարերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կրկնօրինակվում են Հին Ջուղայի ավերված խաչքարերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհատխաչքարագործների նախաձեռնությամբ Հայաստանում կրկնօրինակվում են Հին Ջուղայի ավերված խաչքարերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը նկատեց, որ Հայաստանում խաչքարագործությունը զարգացում է ապրում, սակայն նոր խաչքարերը ունեն բոլորովին այլ զարդանախշեր, և պահպանված չեն նախկինում եղած ձևերը։ «Խաչքարային արվեստը լավ ուսումնասիրված չէ, և քիչ են գիտական աշխատություններն այդ թեմայով։ Ուսումնասիրված զարդանախշերով այսօր քանդակագործները կրկնօրինակում են Ջուղայի խաչքարերը»,- նշեց Այվազյանը։ Արդեն կրկնօրինակվել են մոտ 30-40 խաչքար։

Խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանը համոզված է, որ հարկավոր է ստեղծել խաչքարագործության դպրոց և դեռահասներին սովորեցնել ավանդական այս արվեստը։ «Ի վերուստ հայ մարդու մեջ կա սերը քարի և խաչքարագործության նկատմամբ։ Այժմ հարկավոր է ավելի խորացնել գիտելիքները խաչքարագործության վերաբերյալ»,- ասաց Համբարձումյանը։ Նա նկատեց, որ կան մի շարք խաչքարագործներ, որոշները նույնիսկ ունեն աշակերտներ, սակայն պետք է այդ ամենն ավելի զանգվածային դարձնել։

Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված միջնադարյան հայկական խաչքարերի վերջին բնաջնջման դեպքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվեց Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը։ Այնտեղ գտնվող խաչքարերն ավերվեցին ծանր տեխնիկայի օգտագործմամբ, իսկ գերեզմանոցի տարածքը վերածվեց հրաձգադաշտի։ 1998-ից մինչ օրս Նախիջևանում ոչնչացվել են ավելի քան 27 հազար խաչքարեր և հայկական կոթողներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում