Սյունիքի Սեւաքար գյուղ կայցելեն նախարարության ներկայացուցիչներ որոշելու փլուզված եկեղեցու ճակատագիրը
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետագա ճակատագիրը որոշելու համար առաջիկա օրերին Սեւաքար կժամանեն Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչները:
Եկեղեցինն մարտի 9-ին ժամը 14.30-ի սահմաններում փլուզվել է: Այս մասին գյուղապետից ստանալով ահազանգ` դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փլուզվել է եկեղեցու 1/3 մասը` տանիքը` 270 քմ, հարավային եւ արեւելյան պատերը` 330 քմ: Փլուզման հետեւանքով վնասվել է Պ.Սահակյանին պատկանող տան դարպասը եւ 6 գծամետր երկարության ցանկապատը: Փրկարարները կատարվել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:
«Արդեն 30 տարի է` եկեղեցին վթարային վիճակում է: Շատ ենք փորձել գտնել հովանավորներ եւ նորոգել գյուղի միակ սրբատեղին, սակայն չի հաջողվել: Եկեղեցում բնակիչները նշում էին եկեղեցական տոները, իսկ հարսանիքների ժամանակ նորապսակները պարտադիր այցելում էին եկեղեցի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանը: Ըստ գյուղապետի` եկեղեցին այլեւս հնարավոր չէ վերականգնել: Այն հատկապես տուժել էր անցած տարվա օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից, որի հետեւանքով մեծացել էին եկեղեցու պատերի ճաքերը: Իսկ վերջին մեկ ամսում ամեն րոպե սպասվում էր եկեղեցու փլուզվելը:
Սեւաքարի Սուրբ Հռիփսիմե եռանավ եկեղեցին 1901թ.-ի կառույց է, ուներ 18 մ երկարություն, 15 մ լայնություն եւ 10 մ բարձրություն: