Հայաստանը հետաքրքրված է Գերմանիայի հետ հարաբերությունները բազմակողմ ձևաչափով ընդլայնելու հարցում. Հովիկ Աբրահամյան
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ողջունելով Բունդեսթագի նախագահին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այցը մեծապես կնպաստի ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաև երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամությանը, հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նրա խոսքով` Եվրոպական ուղղությունը և եվրաինտեգրումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է և այդ տեսանկյունից եւս մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը Գերմանիայի հետ: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ որպես երկրների միջև քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարևոր լծակ: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ԳԴՀ Բունդեսթագի նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նորբերթ Լամմերթի համոզմամբ` միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին: Նա կարեւոր է համարել ուղիղ շփումների ակտիվացումը, փոխայցերը, որպեսզի գերմանացի պատգամավորները Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ունենան: Բունդեսթագի նախագահը բարձր է գնահատել նշանակալի առաջընթացը, որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարական գործընթացներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր նավթադոլարների շնորհիվ տարեցտարի աճող ռազմական բյուջեով, ռազմատենչ հայտարարություններով, շփման գծում դիպուկահարների կրակոցներով խոչընդոտում է հարցի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատմանը: Նա ցավով է նշել, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:
Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորել է տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը` նշելով, որ իր համար տեսանելի է, թե ինչպիսի բարդությունների է բախվում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Վերջում ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:
Նորբերտ Լամմերթը Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում: