Հասարակական

Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հատուկ ծրագրեր կիրականացվեն

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հատուկ ծրագրեր կիրականացվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միակն է, ինչի զարգացումը կախված է մասնագետների առկայությունից: Մարտի 6-ին հրավիրված ասուլիսում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց, որ միությունն աշխատում է կրկնապատկել մասնագետների քանակը: Դա ՏՏ ոլորտում կկրկնապատկի նաև առաջընթացի ծավալները:

ԻՏՁՄ-ն այս նպատակով մեծ ուշադրություն է դարձնում նաեւ կրթական ոլորտին, իրականացվում է ծրագիր, որը նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ: Միության նախագահի խոսքով, նախատեսվում է ոլորտում ավելացնել տարեկան մի քանի հազար մասնագետներ: «Հանրակրթական դպրոցների 5-6-րդ դասարաններում սովորող երեխաներն ավելի շատ գիտելիքներ պետք է ունենան համակարգչի և ծրագրավորման մասին: Այդ նպատակով 50 դպրոցներում պատրաստվում ենք տարածել ռոբոտատեխնիկայի ակումբներ, որոնք հետագայում կընդգրկեն նաև հանրապետության մնացած դպրոցները: Սա մեծ ոգևորություն կառաջացնի երեխաների մոտ, ինչը դրդում է զբաղվել այս գիտությամբ»,-կարևորեց Ավոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ կարևորեց նաև երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանումը, ինչի համար կկազմակերպվի ամառային դպրոց-ճամբար: «Նպատակ ունենք 2-3 շաբաթվա ընթացքում երիտասարդների հետ իրականացնել մասնագիտական դասընթացներ և մրցույթներ, որի ժամանակ վերջիններս կստանան տեխնոլոգիական ձեռներեցության համար անհրաժեշտ գիտելիքներ, իսկ հետագայում, հիմնվելով այդ գիտելիքների վրա, գերազանց կկառավարեն իրենց սեփական ձեռնարկությունը»,- շեշտեց Վարդանյանը:

ՏՏ ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է դեռ 1987թ-ին, երբ տարբեր հաշվարկների համաձայն Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100 հազար մասնագետներ:

Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցրել նաև բարձր տեխնոլոգիաների հետազոտության, մշակումների և արտադրության ոլորտում: Այժմ հանրապետությունում տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից մեկը կրկին ՏՏ ոլորտն է, ինչի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են համարվում անցյալի հաջողությունները, ոլորտի բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում