Մարզային

Սեւանը զբոսաշրջիկներին նորովի կներկայանա. կկառուցվի «Նոյյան տապան» զբոսայգի եւ «Զբոսաշրջիկների տուն»

4 րոպեի ընթերցում

Սեւանը զբոսաշրջիկներին նորովի կներկայանա. կկառուցվի «Նոյյան տապան» զբոսայգի եւ «Զբոսաշրջիկների տուն»

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում ֆրանսիական «Աշխարհի այգիներ» ծրագրով Սեւան քաղաքում կկառուցվի «Նոյան տապան» համալիր զբոսայգի: Այն Սեւանն առավել ճանաչելի կդարձնի աշխարհին` որպես զբոսաշրջային եւ առողջարանային քաղաք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ում պաշտոնավարման 100 օրը լրացել է վերջերս: «Թեեւ վերջին տարիներին Սեւանում զգալիորեն զարգացել է զբոսաշրջությունը, ձեւավորվել են նոր ենթակառուցվածքներ, կառուցվել հյուրանոցային նոր համալիրներ, աշխուժացել է զբոսաշրջիկների եւ հովեկների հոսքը, ամրապնդվել եւ շարունակվում է համագործակցությունը Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքի հետ, սակայն եղածը դեռ բավարար չէ` ժամանակակից աշխարհի զարգացած զբոսաշրջային ու առողջարանային քաղաքների կողքին բավարար մրցակցություն ապահովելու համար»,-ասաց Ղուկասյանը:

Այդ նպատակին հասնելու համար այս տարվա ընթացքում Սեւանի քաղաքապետի կողմից հայտարարվելու է քաղաքի նոր հատակագծի նախագծման մրցույթ, քանի որ, 2004 թվականին պատվիրված գլխավոր հատակագիծը ամբողջությամբ չի արտացոլում Սեւանի զարգացման հեռանկարները, այնտեղ կան շատ չլուծված հանգույցներ ու անհասկանալի դրույթներ, միաժամանակ քաղաքն ընդգրկված չէ հանրապետության զբոսաշրջության զարգացման ծրագրերում:

Սեւանը զբոսաշրջային եւ առողջարանային կենտրոն դարձնելու համար Ռուդիկ Ղուկասյանն առաջարկում է` զբոսաշրջիկի համար ստեղծել գրավիչ պայմաններ, ապահովել սպասարկման որակյալ ծառայություն եւ ներկայանալի միջավայր: Դրա համար պետք է ունենալ զբոսաշրջային ներկայանալի եւ մրցունակ կենտրոն` առկա հնարավորությունների եւ ներդրվող միջոցների օգտագործմամբ: Սեւանը զբոսաշրջային եւ առողջարանային քաղաք դարձնելու նպատակին պետք է ծառայեն ինչպես տեղական բյուջեի, այնպես էլ «Սեւան» հիմնադրամի միջոցները, տեղի եւ դրսի ներդրողների հնարավորությունները: Արդեն արվում են առաջին գործնական քայլերը:

«Սեւանի թերակղզում բացելու ենք «Զբոսաշրջիկների տուն», որտեղ այցելուները կստանան բավարար տեղեկատվություն Սեւան քաղաքի, Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի գրավչությունների մասին: Հաջորդ քայլը լինելու է քաղաքում համալիր-զբոսայգու կառուցումը: Դեռեւս ԽՍՀՄ տարիներին 18 հեկտար հողատարածք էր հատկացված` զբոսայգի կառուցելու համար, որն այդպես էլ մնաց թղթի վրա: Այսօր մենք հայտ ենք ներկայացրել «Աշխարհի այգիներ» ծրագրին` «Նոյյան տապան» զբոսայգի կառուցելու համար: Փորձ է արվելու գաղափարի, ճարտարապետական լուծումների, պատմական իրողության եւ ասքի խաչաձեւմամբ ստանալ մի այնպիսի վայր, որը կլինի մրցունակ եւ իր տեսակի մեջ ինքնատիպ: Ենթակառաուցվածքային աշխատանքները ֆինանսավորվելու են քաղաքապետարանի, մյուս աշխատանքները` «Աշխարհի այգիներ» ծրագրի կողմից»,-հավաստեց քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

«Աշխարհի այգիներ»-ը կկառուցվի քաղաքի արեւելյան թեւում` զոհված ազատամարտիկների պանթեոնի հարակից տարածքում` Սեւանա լճի կողքին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում