Մարզային

Վարդենիսում, Մարտունիում եւ Գավառում արդեն գործում են կեղտաջրերի մաքրման կայաններ

1 րոպեի ընթերցում

Վարդենիսում, Մարտունիում եւ Գավառում արդեն գործում են կեղտաջրերի մաքրման կայաններ

ԳԱՎԱՌ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում այս տարվա սկզբից արդեն շահագործվում են կոյուղու կեղտաջրերի մաքրման կայանները: Զտումն առայժմ իրականացվում է մեխանիկական եղանակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կեղտաջրերի մաքրման կայանների, պոմպակայանների եւ ջրահեռացման հարցերի տնօրեն Սեբուհ Բերբերյանը, Վարդենիս, Գավառ եւ Մարտունի քաղաքներում կոյուղու կեղտաջրերի հեռացման հիմնական համակարգերն արդեն միացված են մաքրման կայաններին:

Փետրվարի 26-ի դրությամբ ընկերությանը մնում է շահագործել մեկ պոմպակայան Գավառ քաղաքի Թթուջուր կոչվող վայրում, որով էլ կամբողջանա համակարգի անխափան աշխատանքը: Նշյալ երեք քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների շահագործմամբ ընկերությունը ստեղծել է 17 նոր աշխատատեղ` 60-100 հազար դրամ միջին աշխատավարձով:

Տնօրենի կարծիքով` Սեւանա լճի մաքրության հետագա ապահովման նպատակով անհրաժեշտ է շտապ միջոցներ գտնել` այն ուղղելով Սեւան քաղաքում կեղտաջրերի նոր մաքրման կայան կառուցելուն, քանի որ քաղաքի կեղտաջրերի հեռացման եւ զտման համար առկա պայմանները ոչ միայն անբավարար են, այլեւ անչափ վտանգավոր բնության եւ շրջակա միջավայրի մաքրության պահպանման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում