«Եվրատեսիլ 2013 Պատանի պարողներ»-ի հայաստանյան եզրափակիչ փուլ անցավ տասնմեկ մասնակից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» (Eurovision Dance Contest) մրցույթին Հայաստանն այս տարի կմասնակցի առաջին անգամ: Մրցույթի հայաստանյան կիսաեզրափակիչը տեղի ունեցավ փետրվարի 17-ին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նախընտրական կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 20 պարողներից ժյուրիի անդամներն ընտրեցին լավագույն տասնմեկին:
Ժյուրիի կազմում էին պարարվեստի այնպիսի անվանի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աննա Մարիկյանը, Ռուբեն Մուրադյանը, Լիանա Հակոբյանը:Նրանք էլ կիսաեզրափակիչում գնահատեցին մասնակիցների պարային տեխնիկան եւ գեղարվեստական արտահայտման որակը:
Համաձայն մրցույթի կանոնադրության` մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան: Բացի անհատական պարաոճի բարձր մակարդակից, մասնակիցը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին: Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն: Խրախուսվում է երաժշտական եւ պարային բազմաոճությունը: Մրցույթում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից կգնահատվի պարողի ճկունությունը եւ նոր ոճերին հարմարվելը, պարային բեմադրությանը հավատարիմ մնալը, պարի ներկայացման եւ գեղարվեստական արտահայտման որակը:
Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:
Մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը նախանշված է փետրվարի վերջին: