Հրանտ Բագրատյանը լուրջ չի համարում միասնական թեկնածուով հանդես գալու Հայրիկյանի առաջարկը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ ընտրությունները հետաձգելու խնդրանքով Սահմանադրական դատարան դիմելու եւ դիմումը հետ վերցնելու որոշումը ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Հրանտ Բագրատյանը կատակ է համարում: Այս մասին վերջինս նշեց փետրվարի 11-ին՝ Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին:
«Դա վկայում է այն մասին, որ մենք իսկապես կարող ենք ամեն ինչ վերածել կատակի: Կատակ բառը ես մեղմ եմ ասում: Նախ, Սահմանադրական դատարան չդիմելու, ապա դիմելու եւ դիմումը հետ վերցնելու քայլերն իրենց մեջ ունեն լրջության պակաս: Եվ կանգնել եւ այդ քայլերը մեկնաբանել մեր կողմից կլինի սխալ: Դա նաեւ փաստում է այն, որ միասնական թեկնածուի մասով պահանջը լուրջ չէր»,-նշեց Բագրատյանը:
Թեկնածուն նաեւ հանդիպման ժամանակ նշեց, որ մնում է միայն զբաղվել քարոզարշավով, իսկ միասնական թեկնածու ունենալու միակ մեխանիզմը ըստ թեկնածուի ընտրությունն է՝ փրայմերիզի տեսքով: «Ես դեռ սեպտեմբերին էի ասել` նրանք, ովքեր հավակնում են միասնական թեկնածուի, փրայմերիզը միակ մեխանիզմն է տարբեր կուսակցությունների մեջեւ, ինչը չարվեց: Հիմա մնում է սպասել 18-ի արդյունքներին»,-նշեց թեկնածուն:
Վերջինս լրագրողներին վստահեցրեց, որ որպես ընդդիմադիր թեկնածու պայաքրելու է մինչեւ վերջ եւ նույնիսկ պատրաստ է հրաժարվել հետագայում առաջարկվող որեւէ պաշտոնից: «Թեկնածությունս դրել եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ: Արդեն պետք է բոլորին պարզ դառնա, որ ես ոչ մի պաշտոնի եւ պայմանավորվածության չեմ գնում»,-ավելացրեց Բագրատյանը: