Փողերի լվացման դեմ պայքարում Հայաստանը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել. Կենտրոնական բանկ
13 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում վերջին տարիներին փողերի լվացման/ ահաբեչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում արձանագրված զարգացումների, օրենսդրական բարեփոխումների եւ ոլորտում դատական պրակտիկայի մասին«Արմենպրես»-ը զրուցեց Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի հետ:
-Ի՞նչ զարգացումներ կան փողերի լվացման/ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտի կարգավորման դաշտում, որքանո՞վ են ներդրված միջազգային կառույցների կողմից սահմանված չափանիշները ՀՀ-ում:
-2009 թ-ին Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից կատարվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատումը, որի հաշվետվությունը հաստատվել է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից: Այդ հաշվետվությամբ արձանագրվել էր ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի էական առաջընթացը ֆինանսական, իրավական և իրավապահ ոլորտներում, և ՖԱԹՖ-ի հանձնարարականների մեծ մասը գնահատվել էր ամբողջությամբ կամ հիմնականում բավարար: Միևնույն ժամանակ նշվել էին այն իրավական բացերը, որոնց լրացումը թույլ կտար առավել ամբողջացնելու և համապատասխանեցնելու ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի իրավական համակարգը միջազգային պահանջներին: Այդ նպատակով ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատումից հետո շարունակվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև միջազգային չափանիշներին լայնորեն համապատասխանող օրենսդրության ներդրմանն ուղղված աշխատանքները, որի արդյունքում ՖԴԿ-ի և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին առնչվող 15 օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքների նախագծերը, և որոնք ներկայում գտնվում են ՀՀ ազգային ժողովում:
Առանձնացնեմ այդ օրենսդրական փաթեթում` ՀՀ քրեական օրենսգրքի գույքի բռնագրավմանը վերաբերող հոդվածում փոփոխություններ և «Գույքի բռնագանձում» նոր ինստիտուտ նախատեսող նախագիծը, որը կազմվել է ՀՀ դատախազության և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացույցիչների հետ համատեղ: Նախագծի մշակման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ ՖԱԹՖ 40 հանձնարարականները պետություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել հանցագործության արդյունքում ձեռք բերված եկամուտները կամ միջոցները բռնագանձելու ուղղությամբ: Ճիշտ է, գույքի բռնագրավմանը վերաբերող գործող հոդվածում նախատեսված է նաև հանցագործության արդյունքում ստացված եկամուտների բռնագրավումը, որն ըստ էության, բուն բռնագանձումն է, սակայն դա նույն հոդվածով կարգավորելը տարընկալման խնդիր էր առաջացնում, քանի որ դրանք տարբեր ինստիտուտներ են և առանձին հոդվածներով պետք է կարգավորվեն: Նախատեսված փոփոխությունների հիմքում դրվել է այն սկզբունքը, որգույքի բռնագրավումը քրեաիրավական պատժի տեսակ է, որի արդյունքում դատապարտյալի սեփականությունն անհատույց վերցվում է հօգուտ պետության: Ընդ որում, այն կրում է հայեցողական բնույթ և դատարանների կողմից կիրառվում դատապարտյալի սեփականությունը հանդիսացող գույքի վրա: Իսկ գույքի բռնագանձումը քրեաիրավական ներգործության միջոց է, որի դեպքում հանցագործության արդյունքում ստացված միջոցները կամ եկամուտները նախ պարտադիր կարգով վերադարձվում են տուժողներին, իսկ մնացորդը, առկայության դեպքում, բռնագանձվում է հօգուտ պետության:
Նշեմ, որ ՖԱԹՖ-ի 38-րդ հանձնարարականը երկրներին հորդորում է ստեղծել բռնագանձված գույքի հիմնադրամ, որտեղ կփոխանցվեն հանցագործության արդյունքում ստացված եկամուտները կամ միջոցները: Բռնագանձված գույքի հիմնադրամում ներգրավված միջոցները կարող են ծառայել կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում տարբեր նպատակային ծրագրերի իրականացմանը, ներառյալ` վարչական ծախսերին, հանցագործությունները բացահայտելու, քննելու արդյունքում առաջացած ծախսերին, ինչպես նաև այլ երկրների քրեական հետապնդման մարմինների հետ քրեական գործերով համագործակցության արդյունքում կատարված ծախսերի փոխհատուցմանը: Միջազգային պրակտիկայում բռնագանձված գույքի հիմնադրամ է նախատեսված, օրինակ, ԱՄՆ-ում, Ալբանիայում:
-Ի՞նչ է ցույց տալիս դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպիսի՞ պարզաբանումներ են տրվել դատարանների կողմից փողերի լվացմանը վերաբերող օրենքների դրույթների կիրառման առնչությամբ:
-Դատական պրակտիկայի ամփոփումը վկայում է վերջին երեք տարիներին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի առաջընթացի մասին: Կարծում եմ, որ մեր ընտրած պայքարի ճանապարհն արդյունավետ է, և այն պետք է համալրել նոր միջոցներով ու մեխանիզմներով:
Փողերի լվացմանը վերաբերող օրենքի դրույթների պարզաբանման կապակցությամբ կնշեմ ՀՀ Վճռաբեկ դատարանի 24.02.2011թ. որոշումը: Վճռաբեկ դատարանն այդ որոշմամբ քրեաիրավական վերլուծության է ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) հանցակազմի հատկանիշները` նպատակ ունենալով նշված հանցագործության համար քրեական պատասխանատվության ոլորտում ապահովել օրենքի միատեսակ կիրառություն:
Փողերի լվացման հանցակազմի մեկնաբանման հիմքում Վճռաբեկ դատարանը դրել է այն սկզբունքը, որ անձը հանցավոր գործունեության արդյունքում ստացված գույքի հետ կապված բոլոր գործողությունները պետք է կատարի մեկ դիտավորությամբ, այն է` համապատասխան միջոցների ծագման իրական աղբյուրը քողարկելը կամ խեղաթյուրելը և դրանց օրինական տեսք տալը: Բացի վերը նշվածից, Վճռաբեկ դատարանն այդ մեկնաբանությամբ պարտադիր չի համարել նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, ինչպես նաև պարտադիր չի համարել, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեջ մեղադրվող անձը ուղղակի առնչություն ունենա նախորդող հանցագործության հետ:
Վճռաբեկ դատարանը հաստատել է, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով,և որ անձը գիտակցելու նախատեսել է դրա` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը:
Անդրադառնալով փողերի լվացմանը նախորդող հանցագործություններին` նշեմ, որ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում փողերի լվացման հանցակազմից հանվել է նախորդող հանցագործությունների սպառիչ ցանկը` դրանով իսկ կիրառելով այն մոտեցումը, որ բոլոր այն հանցագործությունները, որոնց կատարման արդյունքում կարող է ստացվել գույք, կարող են հանդիսանալ փողերի լվացմանը նախորդող հանցագործություններ:
Մինչ օրս վերլուծված գործերում, հարուցված քրեական գործերում և կայացված դատավճիռներում փողերի լվացմանը հիմնականում նախորդել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները, նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցագործությունները, խարդախությամբ գումարների հափշտակությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, գողությունը, յուրացնելը, օրինակ` կեղծ վարկերի ձևակերպմամբ, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը:
Կարծումեմ, որ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արված մեկնաբանությունները իրենց նախադեպային ուժով փողերի լվացման գործերի քննության ընթացքում արարքը ճիշտ որակելու, ինչպես նաև ՓԼ/ԱՖ գործերով ապացույցների քննության տակտիկայիև մեթոդիկայի, ստուգման և գնահատման հարցերում կարևոր նշանակություն կունենան: Նշեմ, որ 2012թ-ի դեկտեմբեր ամսին Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից քննարկվել և հաստատվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որի հետ կապված, ի թիվս իրականացված մի շարք կարևոր քայլերի, առանձնահատուկ նշվել է Վճռաբեկ դատարանի որոշմամբ արված մեկնաբանությունը, որպես փողերի լվացման հանցակազմով քննվող գործերի արդյունավետության բարձրացման հարցում կարևոր նախադրյալ:
-Պատասխանատվության ուրիշ ի՞նչ միջոցներ են կիրառվում ՓԼ/ԱՖ օրենսդրության պահանջների խախտման դեպքում:
-Եթե ինքնին փողերի լվացման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, ՓԼ/ԱՖ օրենդրության պահանջների խախտման համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն: Վարչական պատասխանատվության են ենթարկվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվություն տրամադրող անձիք` այդ օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար:
Համաձայն գործող օրենսդրության պահանջների` ՖԴԿ-ն եռամսյակային պարբերականությամբ վերահսկող մարմիններից ստանում է հաշվետու անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Ֆինանսական հաստատությունների նկատմամբ իրականացվող հեռակա վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության և ՖԴԿ-ի կողմից համատեղ իրականացվող ստուգումների արդյունքում հայտնաբերված ժամկետանց հաշվետվություններ և անարժանահավատ տեղեկատվություն տրամադրելու, ՓԼ/ԱՖ օրենսդրությամբ սահմանված ռիսկային հաճախորդների նկատմամբ ոչ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու, իրավական ակտերի պահանջների չպահպանման դեպքերի հիման վրա կիրառվել են հետևյալ պատասխանատվության միջոցները.
• 2010-2012թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 29 բանկերին, 5 ապահովագրական ընկերություններին, 16 վարկային կազմակերպություներին, 4 ներդրումային ընկերություններին և 11 փոխանակման կետերին տրվել են 126 նախազգուշացումներ և խախտումները բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականներ, ինչպես նաև կիրառվել է շուրջ 7 մլն ՀՀ դրամի չափով տուգանք:
Ինչ վերաբերում է ոչ ֆինանսական հաստատություններին, ապա վերջիններիս նկատմամբ 2011թ-ից սկսած կիրառվել են հետևյալ պատասխանատվության միջոցները.
• Շահումով խաղ կազմակերպող 57 անձի, խաղատնային գործունեություն կազմակերպող 19 անձի, վիճակախաղ կազմակերպող 2 անձի նկատմամբ կիրառվել է 75 նախազգուշացում, ինչպես նաև շուրջ 3,2 մլն դրամի տուգանք:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման 1 ղեկավարի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Ինչպիսի՞ն է ՓԼ/ԱՖ հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի և դրանց արդյունքում կայացված դատավճիռների վիճակագրությունը:
-Ինչպիսի՞ դատավճիռներ են կայացվել: 2006 թվականից սկսած՝ փողերի լվացման հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի և դրանց արդյունքում կայացված դատավաճիռների աճ է գրանցվել:
-2006 թվականից մինչ օրս փողերի լվացման հատկանիշներով հարուցվել է 57 քրեական գործ, որոնցից 10-ը` 2012թ. ընթացքում, 12-ը` 2011 թվականին, 14` 2010 թվականին, 11-ը` 2009 թվականին, 4-ը` 2008 թվականին, 3-ը` 2007 թվականին, 3-ը` 2006 թվականին:
Նշված քրեական գործերի քննության արդյունքում 2012 թ. Ընթացում կայացվել է 2 դատավճիռ, 2011 թ-ին` 6 դատավճիռ, 2010 թվականին` 4 դատավճիռ, 2009 թ-ին` 7 դատավճիռ, իսկ 2006 թ-ին` 1 դատավճիռ:
Ընդհանուր թվով 22 դատավճիռներից միայն 4 դեպքով է ամբաստանյալն անմեղ ճանաչվել փողերի լվացման մասով, իսկ մնացած քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Կայացված դատավճիռներով բռնագրավված գույքի արժեքը կազմել է շուրջ 821.3 մլն ՀՀ դրամ: