ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մոտ ապագայում կարող է հատել 1 միլիոնի սահմանը: Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, անցած տարի Հայաստանը զբոսաշրջության ոլորտում աճ է գրանցել: 2012 թվականի հունվարից դեկտեմբեր Հայաստան է այցելել 843 հազար 330 զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշին: «Եթե պահպանվեն այս տեմպերը, ապա մոտակա տարիներին մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիոնի»,-ընդգծեց նա:
Ապրեսյանի խոսքով`անցած զբոսաշրջային տարին հաջող էր ոչ միայն զբոսաշրջիկների քանակի աճով, այլ նաեւ ենթակառուցվածքների զարգացման, հյուրանոցային տնտեսությունների շինարարության առումով: «Անցած տարի թե Երեւանում, թե մարզերում, մի քանի նոր հյուրանոցներ են կառուցվել եւ շահագործման հանձնվել, ինչը եւս շատ կարեւոր պայման է զբոսաշրջության զարգացման համար»,-ասաց նա՝ տեղեկացնելով նաեւ, որ մի քանի հյուրանոցների շինարարական աշխատանքներ դեռ շարոնակվում են եւ այս տարվա մեջ դրանք էլ կհանձնվեն շահագործման:
Լուրջ ձեռքբերումներ են գրանցվել նաեւ միջազգային համագործակցության ոլորտում: Անցած տարի Հայաստանում՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, կազմակերպվել է միջազգային մակարդակի բարձրակարգ միջոցառում, որին մասնակցել են վերոհիշյալ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեջ ընդգրկված երկրների զբոսաշրջության լիազոր մարմիններ, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: «Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, այս մեկի ժամանակ ընդունվեց հռչակագիր, որի արդյունքում Հայաստանի զբոսաշրջության մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ միացան զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության էթիկայի կանոնագրքին»,- ասաց Ապրեսյանը՝ սա շատ կարեւոր ձեռքբերում համարելով:
Ոլորտի պատասխանատուն կարեւորեց նաեւ ԱՊՀ զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի նիստին՝ Հայաստանի պատվիրակության մասնակցությունը, որտեղ քննարկվել են զբոսաշրջության զարգացման մի շարք ծրագրեր, ընդունվել են համապատասխան որոշումներ: «Տեղի են ունեցել նաեւ մի շարք փառատոններ, որոնցից են գինու փառատոնը, ավանդական եւ տոնական ուտեստների փառատոնը, ինչպես նաեւ մշակութային մի քանի փառատոններ, որոնք լայնորեն լուսաբանվեցին թե տեղական, թե միջազգային լրատվամիջոցների կողմից»,- ասաց Ապրեսյանը: Այն շատ կարեւոր նշանակություն ունեցավ միջազգային ասպարեզում Հայաստանի գովազդի, ինչպես նաեւ Հայաստանի տարածքների տնտեսական համաչափ զարգացման գործընթացի համար, քանի որ գրեթե բոլոր այդ միջոցառումները կազմակերպվել են հանրապետության տարբեր մարզերում եւ համայնքներում:
Զբոսաշրջության վարչության պետը հավաստիացրեց, որ այս բոլոր միջոցառումները կշարունակվեն, եւ ամեն ինչ կարվի Հայաստանում զբոսաշրջությունն ավելի զարգացնելու եւ ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու համար:
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով եւ արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմանված են Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքով եւ 2006թ փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով: