Գյումրիի քաղաքապետը վստահ է՝ Գյումրին ավելի լավ կներկայանա որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, քան Գաբալա եւ Մոգիլյով քաղաքները
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ Գյումրին 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք կոչելու որոշումը մեծ պատիվ, բայց նաեւ պատասխանատվություն է համարում: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքապետը:
Ըստ Բալասանյանի՝ քաղաքային իշխանությունները, մինչ «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների ծրագրի հաստատումը, պետք է աշխատեն գյումրեցիների, հասարակական կազմակերպությունների եւ ավագանու հետ՝ քաղաքի համար ամենակարեւոր խնդիրները բացահայտելու եւ դրանց լուծումը որպես ծրագրային առաջարկ ներկայացնելու համար:Դա մեծ հնարավորություն կտա որպես մշակութային քաղաք ձեւավորվելու եւ հետատագայում նաեւ զարգանալու համար: Պետք է փորձենք հասկանալ, թե որն է ամենակարեւորը: Ես ներկայացրել եմ Գյումրու կենտրոնական զբոսայգում գտնվող հին թատրոնի կառույցի վերականգնման ծրագիրը, որտեղ առաջին անգամ բեմադրվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան»,-ասել է քաղաքապետը:
Քաղաքապետը վստահ է, որ «Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը նաեւ ներդրումներ կբերի քաղաքին: «Միջոցառումներն իրականացվելու են հիմնականում ԱՊՀ մասնակից երկների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ֆինանսական հատկացումներով, կլինեն հատկացումներ նաեւ պետական եւ համայնքային բյուջեներից, բայց դեռ վաղ է խոսել պահանջվող գումարի մասին:
«Ծրագրված է շուրջ հիսուն միջոցառում: Պետք է հստակեցնենք` յուրաքանչյուր միջոցառման համար ինչքան գումար է անհրաժեշտ, արդյոք ունենք հյուրանոցներ, սպասարկման օբյեկտներ: Մենք պետք է կարողանանք մինչեւ մարտի 1-ն արդեն ներկայացնել ամբողջական ծրագիրը»,-նշեց քաղաքապետը:«Արմենպրես»-ի թղթակցի հարցին` արդյոք Գյումրին կկարողանա ավելի լավ ներկայանալ, քան Գաբալա եւ Մոգիլյով քաղաքները, քաղաքապետը վստահեցրեց, որ Գյումրին այս դեպքում ավելի շահեկան դիրքերում է:
«Մենք երեք հազար տարվա պատմություն ունեցող քաղաք ենք՝ արհեստի ու արվեստի, մեծերի քաղաք: Ունենք պատմություն, «Կումայրի» արգելոց թանգարան: Մնում է միայն կարողանալ այդ ամենը ճիշտ ներկայացնել»,-ավելացրեց Սամվել Բալասանյանը: