«Հայաստանի ձայնը» մեգանախագծում մեկնարկում է «Գալա համերգներ» փուլը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ձայնը» երաժշտական մեգանախագծի «Գալա համերգներ» փուլի 1-ին թողարկումը հունվարի 26-ին կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի Ձայնը» նախագծի պրոդյուսերական խմբից` թողարկման ընթացքում «Կույր լսումներ» եւ «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակցիները կներկայանան նորովի ձեւափոխված համերգային տաղավարում:
Ձայնի եւ պատկերի բարձր որակով առաջիկա 9 հաջորդական հաղորդումները՝ 7 գալահամերգներ, 1 կիսաեզրափակիչ և 1 եզրափակիչ, կփոխանցեն հեռուստադիտողին թե´մարզիչների, թե մասնակիցների եւ թե´հանդիսատեսի աննկարագրելի հուզմունքն ու ապրումները:
Համաձայն The voice միջազգային ձեւաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: «Կույր լսումներ», «Wild Card» եւ «Մենամարտ» փուլերը հաղթահարած մասնակիցներից «Գալա համերգներ» փուլ անցնում են 24 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում ՝6-ական մասնակից:
«Գալա համերգներ» փուլում նախագծի կառուցվածքն այլ է: Վերջին ամիսների ընթացքում նախագծի զարգացումներին եւ մասնակիցների՝ դեպի աստեղային ճանապարհ տանող յուրաքանչյուր փորձությանը հետեւող հեռուստադիտողին, առաջին անգամ հնարավորություն կընձեռվի մասնակցել շաբաթական քվեարկությանը եւ իր որոշիչ դերն ունենալ Հայաստանի ձայնի համահայկական որոնմանը: Հաղորդման ընթացքում, յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո, հեռուստադիտողը sms եւ հեռախոսային քվեարկության միջոցով կարող է քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին: Յուրաքանչյուր մարզչի թիմի՝ առավելագույն քվե հավաքած մասնակցիները հայտնվում են անվտանգ գոտում և անցնում հաջորդ գալա համերգ, իսկ նվազագույն քվե հավաքած 2 մասնակիցների ճակատագրերը կրկին որոշում է յուրաքանչյուրի մարզիչը: Շաբաթական քվեարկության ամփոփման ընթացքում, յուրաքանչյուր մարզչի թիմից հեռանում է 1-ական մասնակից: Կիսաեզրափակչի և եզրափակչի կառուցվածքը և քվեարկության կանոնները տարբերվում են առաջին 7 գալա համերգների կաննոներից: Ըստ ձևաչափի, եզրափակիչ փուլում յուրաքաչյուր մարզիչ ունենում է 1-ական մասնակից, իսկ հաղթողին որոշում է միայն հեռուստադիտողը:
Քանի որ նախագծում մրցակցությունը ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը՝ հեռուստադիտողի հետ միասին, կփորձի նախագծում պահել իր ամենաուժեղ մասնակցին մինչև «Գալա համերգներ» փուլի եզրափակիչ:
Առաջիկա գալա համերգները լի են լինելու անսպասելի անակնկալներով. մասնակիցները գունեղ կատարումներով հանդես են գալու թե´ իրենց մարզիչների, թե´ հրավիրված արտիստների և նվագախմբերի հետ:
Քվեարկության սկիզբն ազդարարվում է «Հայաստանի ձայնը» նախագծի հիմնական հաղորդման եթերի ընթացքում՝ յուրաքանչյուր մասնակցի կատարումից անմիջապես հետո և ավարտվում հաջորդ երեքշաբթի՝ ժամը 12:00-ին: Քվեարկել կարող են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև արտերկրից:
2012 թվականի նոյեմբեր ամսից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից եւ շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: The Voice -ի ձեւաչափը մշակվել է hոլանդացի մեդիա – գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից,վերջինս նաեւ նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: Որպես համաարտադրող Talpa ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում եւ հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում: Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են Talpa ընկերության կողմից եւ համապատասխանում ձեւաչափի բոլոր կանոններին: