Մարզային

ԱՊՀ երկրների հումանիտար գործակցության հիմնադրամը կֆինանսավորի «Գյումրին` 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների հումանիտար գործակցության հիմնադրամը կֆինանսավորի «Գյումրին` 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով հունվարի 23-ին Գյումրիում էր ԱՊՀ անդամ երկների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի համանախագահ, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱՊՀ երկրների մշակութային, մարզական, կրթական եւ գիտական ոլորտների հայտնի գործիչներ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Պատվիրակության այցի նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ Գյումրու ներուժին եւ այն ծրագրերին, որոնք հնարավոր է իրականացնել «Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Պատվիրակությանը Գյումրիի օդանավակայանում դիմավորեցին քաղաքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները, որից հետո հյուրերը եղան «Պատվո բլուր» հուշահամալիրում, ծաղկեպսակ դրեցին 1853-56 եւ 1877-78 թվականներին ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորների հիշատակը հավերժացնող կոթողին:

Այնուհետեւ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ կարճ խորհրդակցություն: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ քաղաքային եւ մարզային իշխանությունները կանեն հնարավոր բոլոր քայլերը Գյումրին ըստ պատշաճի ներկայացնելու համար: Միխայիլ Շվիդկոյն առաջարկեց մշակութային միջոցառումներից բացի` քաղաքային իշխանությունների կողմից ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք մնայուն կլինեն եւ օգուտ կտան գյումրեցիներին: Միջոցառումները կֆինանսավորվեն ԱՊՀ մասնակից երկների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի կողմից: «Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների ցանկն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչեւ մարտի 1-ը, իսկ բուն միջոցառումների մեկնարկը նախատեսված է հունիսի սկզբին»:

ԱՊՀ անդամ երկների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամը կապահովի մի շարք ծրագրերի իրականացում՝ թատերական, երաժշտական, կրթական, գիտական, ինչպես նաեւ մարզական եւ այլն, իսկ քաղաքն իր կողմից պետք է հոգ տանի մշակութային ենթակառուցվածքների զարգացման համար: Ես ենթադրում եմ, որ ուժերի նմանատիպ միաձուլումը կօգնի մշակութային մթնոլորտի զարգացմանը: Գյումրին պատմական քաղաք է` ողբերգական ճակատագրով, բայց նաեւ` զարգացող: Այսօր կա հնարավորություն առկա շատ խնդիրները լուծել համագործակցությամբ»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատվիրակության ղեկավարը:

Այցի շրջանակներում հյուրեը եղան նաեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում եւ Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում:Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից: Գյումրիի հետ մեկտեղ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ճանաչվել են նաեւ Բելառուսի Մագիլյով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում