Ֆրանսիայում ձերբակալվել է երեք քուրդ կանանց մարդասպան կասկածյալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ թուրք, 30-ամյա Օմեր Գյունեին, որը կասկածվում է Քուրդիստանի` Փարիզում գտնվող տեղեկատվական կենտրոնում երեք քուրդ քաղաքական ակտիվիստ կանանց` Սաքինե Ջանսըզի, Լեյլա Սոլեմեզի եւ Ֆիդան Դողանի սպանության մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Նշվում է, որ կասկածյալը ծնվել է Թուրքիայի Սիվասի (Սվազ) շրջանի Շարքըշլա բնակավայրում:

Թուրքական մամուլը շտապել է հայտարարել, թե կասկածյալը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ է եւ այդ կուսակցությանն անդամագրվել է երկու տարի առաջ: PKK-ն պաշտոնապես հայտարարել է, որ կազմակերպությունը նման անունով անդամ երբեք չի ունեցել եւ չունի: Ձերբակալվածի ընտանիքը թուրքական լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք երբեք որեւէ կապ չեն ունեցել PKK-ի հետ:

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ կասկածյալը եղել է PKK-ի հիմնադիրներից համարվող Սաքինե Ջանսըզի ոչ պաշտոնական վարորդը եւ օգնել է նրան Փարիզում տեղաշարժվելու գործում: Դա հաստատում է ֆրանսիական ոստիկանության այն վարկածը, որ սպանվածները ճանաչել են մարդասպանին, քանի որ նրա առաջ բացել են գործակալության դուռը: Բացի այդ, նախնական հետաքննության տվյալներով, մարդասպանը քրդական կենտրոն է այցելել առավոտյան եւ կեսօրին մոտ, իսկ փորձագիտության տվյալներով` սպանությունը կատարվել է կեսօրին: Հայտնի չէ, թե ինչպես է մարդասպանին հաջողվել շահել Սաքինե Ջանսըզի վստահությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ մարդասպանն իր զոհերին սպանել է անձայն ատրճանակով` կրակելով նրանց գլխին, այնուհետեւ բանալիով դրսից փակել է դուռը եւ հեռացել: Նշվում է նաեւ, որ ձերբակալված կասկածյալը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Հայերեն

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժներն ի կատար կածի նույն օրը

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով

Աղվանի-Տաթև ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար