Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է ՀՀ Նախագահի ընտրություններին
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան, սկսվել եւ ընթանում են ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23,24 ԸԸՀ նախագահներն«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հունվարի 22-ի դրությամբ կազմավորվել են մարզի ընտրատեղամասերը, սահմանվել են տեղամասային կենտրոնները եւ ընտրական տեղամասերի հերթական համարները, որոնք ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Թիվ 22 ԸԸՀ-ում ընդգրկված է 17, թիվ 23 ԸԸՀ-ում՝ 48, թիվ 24 ԸԸՀ-ում՝ 25 համայնք:
Գեղարքունիքի մարզպետը եւ համայնքների ղեկավարներն ընդունել են համապատասխան որոշումներ՝ սահմանված կարգով գրանցված թեկնածուներին հավասար եւ անվճար հիմունքներով քարոզարշավ իրականացնելու նպատակով դահլիճներ եվ այլ շինություններ տրամադրելու, ինչպես նաեւ համայնքների տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին:
Գեղարքունիքի մարզում ձեւավորվել է 153 ընտրատեղամաս, որոնցից 37-ի աշխատանքները համակարգում է թիվ 22 ԸԸՀ-ն, 46-ինը՝ թիվ 23 ԸԸՀ-ն եւ 70-ինը՝ թիվ 24 ԸԸՀ-ն: Այս պահի դրությամբ ձեւավորման փուլում են գտնվում ընտրատեղամասերի հանձնաժողովները: Հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 24-ն է, իսկ 27-ին արդեն պարզ կլինեն ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների եւ անդամների անունները:
Ընտրացուցակների ճշտման եւ կազմման հետ կապված աշխատանքներն իրականացնում է լիազոր մարմինը՝ ՀՀ Ոստիկանության անձնագրային բաժինը, որտեղից եւ ընտրությունից 45 օր առաջ ընտրողների ցուցակները տրամադրվել են տեղամասային կենտրոններին, որոնք փակցվել են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում, եւ, անհրաժեշտության դեպքում, կատարվում են ճշտումներ:
Ընտրության նախորդ օրը Գեղարքունիքի մարզի բոլոր ընտրատեղամասերը կստանան անհրաժեշտ պատագաներ՝ քվեատուփեր, քվեախցիկներ, քվեաթերթիկներ, դրոշմակնիքներ, կնիքներ: