«Եվրատեսիլ 2013»-ի ազգային ընտրությամբ կընտրվի ոչ թե Հայաստանի մասնակիցը, այլ երգը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մարտի 2-ին տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը, ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Հաշվի առնելով մրցույթին մասնակցել ցանկացող հեղինակների զգալի թիվն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` կայացվել է նոր որոշում. այն է` հնարավորություն ընձեռել հեղինակներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն:
Համաձայն մրցույթի կանոնադրության` երգի մրցույթին մասնակցող հեղինակի տարիքը պետք է լինի ոչ պակաս, քան 16 տարեկան: Բեմում կարող են լինել ոչ ավելի քան վեց հոգի, ուստի երգում ձայնագրված ձայների քանակը կարող է լինել ոչ ավելի քան վեցը: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն: Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են հունվարի 22-ից մինչեւ փետրվարի 20-ը:
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: