Միջազգային

Հալեպը կտրված է արտաքին աշխարհից. «Սիրիական ավիաուղիները» Երեւան-Լաթաքիա չվերթ կիրականացնի

2 րոպեի ընթերցում

Հալեպը կտրված է արտաքին աշխարհից. «Սիրիական ավիաուղիները» Երեւան-Լաթաքիա չվերթ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպ քաղաքը կարծես թակարդի մեջ է հայտնվել, քանի որ ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել հալեպահայ Հրաչ Կալսահակյանը: Նա տեղեկացնում է, որ քաղաքից դուրս գալ հնարավոր է դարձել ուղղաթիռով: Օրինակ, Հալեպից Լաթաքիա մեկնելու համար անհրաժեշտ է վճարել հարյուր ամերիկյան դոլար, սակայն այս տարբերակը եւս վտանգավոր է, քանի որ ուղղաթիռը նույնպես կարող է ենթարկվել հարձակման:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ օդանավակայանի վերաբացվելու վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չկան: Տեղեկություն իմանալու համար արգելք են հանդիսանում նաեւ կապի միջոցները, որոնք անկանոն են գործում:Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացեց, որ Հալեպի Մուհաֆազա թաղամասում երկու օր առաջ տեղի ունեցած պայթյունից, որը ցնցել էր ողջ քաղաքը, բարեբախտաբար հայեր չեն տուժել: Նա նաեւ ավելացրեց, որ ընդհանուր առմամբ քաղաքում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն բախումները շարունակվում են:

«Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը հունվարի 22-ին ծրագրված Երեւան-Հալեպ չվերթի փոխարեն կիրականացնի Երեւան-Լաթաքիա չվերթ:«Արմենպրես»-ի հետ զրույցում դեպի Հալեպ չվերթի չկայացման պատճառների մասին ընկերությունից հրաժարվեցին նշել:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել: Երկրի ներսում խիստ վտանգավոր են դարձել ցամաքային ճանապարհները, իսկ օդային հաղորդակցությունը դժվարացել է, քանի որ Թուրքիան այդ երկրի օդանավերի համար փակել է իր օդային տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում