Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը` սիրիահայերի համար թուրք-հայկական սահմանը բացելու պահանջի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Սպիտակ տան ինտերնետային կայքում սիրիահայերի` Հայաստան արտագաղթի համար թուրք-հայկական սահմանը բացելու պահանջով սկսված ստորագրահավաքի արշավին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ կայքը, պատասխան հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայում տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու ժամանակ Թուրքիան երբեք մարդկանց միջեւ կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելության տարբերակում չի դրել:
Սակայն միաժամանակ մարդասիրական նոր հնարավոր քայլի մասին որեւէ հայտարարություն չի արվել:
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անկարան ինքնուրույն կորոշի տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու կարգը, շրջանակն եւ ձեւաչափը: