Պարային Եվրատեսիլին Հայաստանի մասնակցի ընտրության մրցույթ է հայտարարվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին կայանալիք «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթին Հայաստանը 2013 թվականին կմասնակցի առաջին անգամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:
Համաձայն մրցույթի կանոնադրության` մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան, մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի Հայաստանում առնվազն 2 տարի: Բացի անհատական պարաոճի բարձր մակարդակից, մասնակիցը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին: Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն: Խրախուսվում է երաժշտական եւ պարային բազմաոճությունը:
Պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից կգնահատվի պարողի ճկունությունը եւ նոր ոճերին հարմարվելը, պարային բեմադրությանը հավատարիմ մնալը, պարի ներկայացման եւ գեղարվեստական արտահայտման որակը:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2013 թվականիփետրվարի 5-ը: