Մեղրիում ավտոբուսի վթարից տուժածներից մեկը հանձնվել է իրանական կողմին
2 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 355-րդ կմ-ում` Արեւիկ գյուղի մոտ, դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած իրանական ավտոբուսի վթարի հետեւանքով բոլոր 26 ուղեւորները տեղափոխվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»: Տեղափոխվածներից մեկը` ԻԻՀ քաղաքացի 1989թ. ծնված Մեհդատթ Սեիդ Նաջաթը, մահացած է եղել: Կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ տուժածների մեջ կան եւ ԻԻՀ, եւ ՀՀ քաղաքացիներ` Էջմիածին քաղաքից: Իրանի քաղաքացիներից միայն մեկի վիճակն է եղել ծայրահեղ ծանր, որին գիշերը` ժամը 2-ի մոտ, իրանական կողմի առաջարկով սահմանապահների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենայով հասցվել է սահմանագիծ եւ հանձնվել նրանց: «Մյուս 24 հիվանդներից 6-ն ունեցել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ ստացել են ամբուլատոր բուժսպասարկում, իսկ 19-ը հոսպիտալացվել են եւ ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր: Այս պահի դրությամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Տուժողներից ստացված տեղեկատվության համաձայն` տրանսպորտային ընկերությունը, որին պատկանում է վթարված ավտոբուսը, խոստացել է մոտ ժամանակներս կազմակերպել իրենց տեղափոխությունը: Իսկ մինչ այդ, վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ծաղիկ Վարդանյանի խոսքով` հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով ու սարքավարումներով եւ տուժողները ստանում են պատշաճ բուժսպասարկում: «Մարզպետարանի առողջապահության վարչությունից առաջարկ է եղել բժիշկների բրիգադ ուղարկել Մեղրի, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել, ամեն ինչ կազմակերպվել է մեր ուժերով` որոշ հարցերով խորհրդակցելով Կապանի եւ մայրաքաղաքի բժիշկների հետ», - ասաց բժշկուհին:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19-ի սահմաններում. ՍԿԱՆԻԱ մակնշի 39A68910 պետհամարանիշով ԻԻՀ մարդատար ավտոբուսը հավանաբար մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Մեղրի գետը: Մարզի փրկարարների օգնությամբ տուժողները հոսպիտալացվել են հիվանդանոցի բոլոր` չորս շտապօգնության մեքենաներով: