Գյումրիում բացվեց հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված Ֆոտոցուցահանդես
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20 եւ Փոխհամագործակցության պայմանագրի ստորագրման 15-ամյակի առթիվ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 12-ին Գյումրիի Քաղաքային կենցաղի եւ ժողովրդական ճարտարապետության թանգարանում կազմակերպել է ցուցահանդես: Հատկանշական է, որ ցուցահանդեսը բացվեց Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության օրը: Ցուցահանդեսում ներկայացված ավելի քան հինգ տասնյակ լուսանկարները խոսում են երկու ազգերի եղբայրական հարաբերությունների մասին: Լուսանկարների մեծ մասի հեղինակն «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոբաժնի ղեկավար, ֆոտոլրագրող Ֆելիքս Առուստամյանն է:
Ցուցահանդեսի բացմանը ներկա ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները խոսեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 20 տարի առաջ հաստատված հարաբերությունների զարգացման մասին:
«Անցած տարիների ընթացքում ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական 170 համաձայնագիր ու պայմանագիր, որոնք կարգավորում են քաղաքական, ռազմական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունները: Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ այս երկու երկրների միջեւ հարաբերություններն ընդլայնվում են եւ ամրապնդվում՝ լիովին համապատասխանելով ռուս եւ հայ ժողովուրդների հիմնարար շահերին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը վկայում է երկու երկրների միջեւ բարեկամության մասին եւ ուղեցույց է ապագա գործունեության համար: Անցած տարիների ընթացքում ոչ միայն ամրապնդվել է փոխադարձ վստահությունը նոր Ռուսաստանի եւ անկախ Հայաստանի ժողովուրդների միջեւ, այլեւ պահպանվել եւ բազմապատկվել է ժողովուրդների միջեւ հաստատված տարիների ավանդույթը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց գլխավոր հյուպատոսը:
Վասիլի Կորչմարը նաեւ շնորհակալություն հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը եւ ֆոտոլրագրող Ֆելիքս Առուստամյանին լուսանկարների տրամադրման համար` ընդգծելով, որ մեծ աշխատանք է կատարվել գործակալության կողմից: «Երկու երկրների համագործակցության լավագույն էջերն ամփոփված են այս լուսանկարներում: Շատ հետաքրքիր լուսանկարներ են, որոնք ցուցադրում են համագործակցության զարգացումը»,-ավելացրեց Կորչմարը :