Նախագահն Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: