Մարզային

Ֆրանսիացի մասնագետները հայ եւ վրացի գործընկերներին բացահայտում են վավերագրության արվեստի գաղտնիքները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի մասնագետները հայ եւ վրացի գործընկերներին բացահայտում են վավերագրության  արվեստի գաղտնիքները

ԳՅՈՒՄՐԻ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Ժաք Դեշմանը եւ ռեժիսոր, պրոդյուսեր Վլադիմիր Լեոն, EURASIADOC նախագծի շրջանակներում, ֆրանսիական վավերագրության արվեստի գաղտնիքները ներկայացնում են հայ եւ վրաց արվեստագետներին: Ֆրանսիացի արվեստագետները Հայաստանում են նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը անցկացվող նախագծի շրջանակներում, որը նպատակ ունի կապ հաստատել եվրոպացի եւ եվրոպական աուդիովիզուալ տեսանյութերի ոլորտին առնչվող մասնագետների միջեւ: Ծրագրի շրջանակում անցկացվող սեմինարի ընթացքում ֆրանսիացի մասնագետները բացահայտում են հեղինակային վավերագրական ֆիլմերի նախագծերի գրման գործընթացը: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց EURASIADOC-ի պատասխանատու Սեվերին Օֆողը, ծրագրին մասնակցում են ութ մասնագետ՝ հինգը Վրաստանից եւ երեքը Հայաստանից: «Սեմինարից հետո լավագույն նախագծերը կընտրվեն` Երեւանում հաջորդ տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող Tenk հանդիպմանը մասնակցելու համար, որին կհրավիրվեն նաեւ եվրոպացի պրոդյուսերներ: Հուսով ենք, որ ծրագրի մասնակիցները հանդիպելով պրոդյուսերներին, կկարողանան ապահովվել իրենց նախագծի շարունակականությունն՝ արդեն ֆիլմի տեսքով»,-ասաց ծրագրի պատասխանատուն:

«Ծրագրին մասնակցելու համար սցենարի որեւէ սահմանափակում չկա: Ներկա պահին մեր նպատակը ծրագրի մասնակիցներին վավերագրական սցենար գրելու հմտություններին ծանոթացնելն է, իսկ նրանք ազատ են իրենց գաղափարների ընտրության հարցում: Բացի սեմինարներից, կլինեն անհատական հանդիպումներ, կինոդիտումներ, քննարկումներ»,- ասաց Վլադիմիր Լեոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում