3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Article19 միջազգային կազմակերպության ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում կանգնեցված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանի մոտ: Նրանք սեւ ծածկոցով ծածկել են Ալիեւի արձանը` դրանով բողոք հայտնելով այդ «ասիական երկրում» ԶԼՄ-ների գրաքննության նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է մեքսիակական El Universal թերթը:
Կազմակերպության անդամները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ազատազրկման ենթարկված լրագրողներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին: Դրա հետ մեկտեղ ակտիվիստները հուշարձանի պատվանդանին անգլերենով` «Արտասահմանում Ադրբեջանը ներկայանում է առատաձեռն, բայց երկրում քննադատներին բանտ են նետում» գրություն են տեղադրել:
Թերթն անդրադարձել է Ադրբեջանում վերջերս բանտարկված 5 լրագրողներին, որոնք ճաղերի հետեւում հայտնվել են իշխանություններին քննադատելու համար: «Այդ լրագրողները իշխանությունների թիրախն են դարձել իրենց քաղաքական հայացքներն ազատորեն արտահայտելու համար», -գրել է թերթը:
Այս տարվա օգոստոսի սկզբին Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրվել է Հեյդար Ալիեւի արձանը, որը զարմանք է առաջացրել է քաղաքի բնակիչների մոտ: Այդ արձանը Մեխիկոյում տեղադրելու համար Ադրբեջանը 5 մլն դոլար է ծախսել երկու այգիների վերկառուցման վրա: Մեխիկոյի բնակիչները մի քանի բողոքի ակցիաներ են անցկացրել` իշխանություններից պահանջելով հանել բռնապետի արձանը: Նրանք հայտարարել են, որ չեն ցանկանում հերոսների արձանների կողքին տեսնել մի երկրի բռնապետի արձանը, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները: Այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը երկրի եւ քաղաքի իշխանություններին խորհուրդ է տվել ապամոնտաժել Ալիեւի արձանը` նշելով, որ իշխանությունները սխալ են թույլ տվել` փող վերցնելով արտասահմանյան կառավարությանը թույլատրելով որոշել, թե որ քաղաքական եւ պատմական դեմքերին պետք է հուշարձան կանգնեցվի Մեքսիկայի մայրաքաղաքում:
Այս տարվա սեպտեմբերի վերջին Կանադայի Նիագար օն զե Լեյկ քաղաքում ապամոնտաժվել են Հեյդար Ալիեւի եւ նրա հարսի` Ադրբեջանի առաջին տիկնոջ կիսանդրիները` հիմնավորմամբ, որ դրանք բռնապետությունը խորհրդանշող հուշարձաններ են: