Գյումրիում այսուհետ կգործի ՀՀ-ում Ուկրաինայի պատվո հյուպատոսարանը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում այսուհետ կգործի ՀՀ-ում Ուկրաինայի պատվո հյուպատոսարանը՝ իր գործունեության մեջ ներառելով Շիրակի, Կոտայքի եւ Տավուշի մարզերը: Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ հյուպատոսարանի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին երեք մարզերի հոգեւոր առաջնորդները, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը, մշակութային, կրթական ոլորտների ներկայացուցիչներ:
Սա Գյումրիում գործող թվով երրորդ հյուպատոսարանն է. ավելի վաղ Գյումրիում իրենց գործունեւությունն են սկսել ՀՀ-ում ՌԴ եւ Իտալիայի հյուպատոսարանները:
Հյուպատոսարանի բացման առթիվ շնորհավորելով բոլոր ներկաներին՝ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան նշեց, որ սա լավագույն օրինակն է հայ-ուկրաինական դարավոր բարեկամության շարունակման: «Անցած տարի նշվեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Պատմաբաններն ասում են, որ այս երկու ազգերը բարեկամական կապեր են հաստատել դեռ 11-րդ դարում, եւ այս ողջ ընթացքում ոչ մեկը եւ ոչ մի բան չկարողացավ խախտել այդ բարեկամական կապը: Այսօր լավ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններ են ստեղծված մեր երկու երկրների միջեւ, եւ այդ կապերը տարեցտարի ավելի ու ավելի են ամրանում: Անցած տարի Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 270 մլն դոլար, ինչը մեկ անգամ եւս շեշտում է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հետաքրքրությունները փոխադարձ են: Մենք նաեւ հպարտանում ենք, որ Ուկրաինայում այսօր կա հայկական մեծ համայնք:Հպարտ եմ նաեւ, որ քսանամյա պատմության մեջ այսօր առաջին անգամ Հայաստանի երկրորդ քաղաքում բացվում է Ուկրաինայի պատվո հյուպատոսարան, որը կօգնի միջմարզային տնտեսական կապերի զարգացմանը»,-նշեց դեսպանը:
Գյումրիում Ուկրաինայի պատվո հյուպատոս է նշանակվել Սոս Սահակյանը: Վերջինս Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանից ստացավ հյուպատոսական վկայագիրը:
Հյուպատոսին եւ բոլոր ներկաներին շնորհավորեց նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հավաստելով, որ քաղաքապետարանը ցանկացած հարցում կօգնի հյուպատոսարանին: «Հյուպատոսարանի բացումն իր հետ կբերի կարեւոր ներդրումներ, որը նաեւ ինչ-որ տեղ պետք է Գյումրի հոսի: Հուսով եմ, որ հյուպատոսարանը կկարողանա նաեւ աշխատատեղերի խնդիր լուծել, ստեղծել համատեղ ձեռնարկություններ: Գյումրիում կա լուրջ ներուժ, եւ մենք կկարողանանք այդ խնդիրներին լուծում տալ: Ես կրկին վստահեցնում եմ, որ կաջակցեմ հյուպատոսարանի գործունեությանը»,-իր խոսքում նշեց քաղաքապետը:
Արարողության ժամանակ երեք մարզերի հոգեւոր առաջնորդների ձեռամբ կատարվեց օրհնության կարգ: