Տարածաշրջանային

Ռուսաստանը Թուրքիային և ՆԱՏՕ-ին կոչ է արել Սիրիայի հարցում ավելի ողջամիտ լինել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Թուրքիային և ՆԱՏՕ-ին կոչ է արել Սիրիայի հարցում ավելի ողջամիտ լինել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շարունակում է քննադատել Թուրքիային` թուրք-սիրիական սահամանին Patriot տեսակի հրթիռներ տեղակայելու մտադրության հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ` նախազգուշացնելով թե’ Թուրքիային, թե’ Հյուսիսատլանտյան դաշինքին:

Լավրովը, հայտնելով, որ Թուրքիայի կողմից հրթիռների տեղադրումն ավելի կմեծացնի տարածաշրջանում անկայունությունը, նշել է. «Որքան զենքը շատ լինի, այնքան այն օգտագործելու ռիսկը կմեծանա»: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ցանկացած վայրում զենք տեղադրելն ավելացնում է այդ շրջանում դրանք օգտագործելու հավանականությունը: «Այդ զենքերի ստվերում մեծանում է այն ուժերի ախորժակը, որոնք ցանկանում են Սիրիայի ճգնաժամային իրադրությունում օգտագործել արտաքին ուժի գործոնը»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի հանդեպ քննադատությամբ էր հանդես եկել Սիրիան, որը սահմանին հրթռիների տեղադրումը որակել էր իբրև նոր սադրանք: Սիրիական իշխանությունները մեղադրել էին պաշտոնական Անկարային «լարվածությունն ու ճնշումն» ավելացնելու մեջ և թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող իրադարձություններում միակ պատասխանատու էին հայտարարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին` սիրիական սահմանին հրթիռների տեղակայման հարցով, ինչը պատճառաբանել էր անվտանգության նկատառումներով: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, թե «հրթիռների տեղակայմամբ Թուրքիան կարող է պաշտանել իր տարածքն ու բնակչությանը Սիրիայից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում