Նոր մանրամասներ Վարդենիսի երկաթուղային կամրջի փլուզումից. Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվել է երեք վիրավոր, կա երեք զոհ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին տվյալներով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից երկու կիլոմետր դեպի հյուսիս գտնվող երկաթուղային կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել եւս երեք մարդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Բագրատ Ոսկանյանը՝ նոյեմբերի 15-ին` ժամը 14.40-ին, իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ 46 տարեկան Արգամ Անտոնյանը՝ ձախ ոտքի կոտրվածքներով, աջ սրունքի պատռվածքներով եւ ջլերի վնասվածքներով: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են մայրաքաղաք: Գրեթե նույն ժամին Վարդենիսի հիվանդանոց են տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչներ 57-ամյա Ռոբերտ Համբարձումյանը եւ 40 տարեկան Կառլեն Նաջարյանը: Առաջինն ունեցել է դեմքի բազմաթիվ քերծվածքներ, երկրորդը՝ կրծքավանդակի աջ ստորին վեցերորդ կողերի փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսն էլ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
Կամրջի փլուզման հետեւանքով զոհվածների դիահերձման աշխատանքները շարունակվում են: Ի դեպ, Կառլեն Նաջարյանն է վարել ամրացման աշխատանքներ կատարող այն ծանր տեխնիկան, որի ծանրությունից փլվել է կամրջի երկաթբետոնե ծածկը:
Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանի տեղեկացմամբ՝ փլված կամուրջը, որի տակով հոսում եւ Սեւանա լիճ է թափվում Մասրիկ գետը, ունի 27 մետր թռիչք եւ 3,5 մետր բարձրություն: Բոլոր տուժածները զբաղված են եղել երկաթուղային շինարարությունում:
Փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Վարդենիսի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: