Վարդան Ղուկասյանն ընդունում է, որ պարտքեր է թողել, բայց կողմ է աուդիտին
3 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդան Ղուկասյանը չի հերքում Գյումրու քաղաքապետարանի նոր աշխատակազմին թողած պարտքերի փաստը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը, այդ պարտքերն իրական հիմք ունեն: «Այո, պարտք կա: Խոսքը 800 մլն դրամի մասին է: Դա կատարված աշխատանքի դիմաց է, եւ այդ աշխատանքը բոլորին տեսանելի է: Երբ 1999 թվականին Վարդան Ղուկասյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, կար ավելի շատ պարտք, բայց այդ պարտքերը քաղաքապետի կողմից փակվեցին՝ աշխատանքի շնորհիվ եւ քաղաքի բնականոն աշխատանքը շարունակվեց: Վարդան Ղուկասյանն այս տարիների ընթացքում կարողացել է առանց փող ղեկավարել, իսկ դա հերոսություն է»,-նշեց Աղեկյանը:
Նրա խոսքով` քաղաքապետարանը յուրաքանչյուր ամիս հավաքագրում է 100-150 մլն դրամ սեփական եկամուտներ, նշանակում է՝ կարելի է ութ ամսվա ընթացքում լիարժեք փակել այդ պարտքը. ուղղակի պետք էլ լինել տեղական ինքնակառավարման գիտակ, ունենալ ցանկություն եւ կարողանալ ճիշտ կառավարել: Ցանկության դեպքում կարելի է խորհուրդով դիմել Վարդան Ղուկասյանին, ում աշխատանքն ակնառու է եւ ով պատրաստ է օգնելու: «Փոխարենը կասեցվել է աճուրդների անցկացումը, ինչը նշանակում է, որ քաղաքապետն ասես քաղաքային բյուջեի վրա, սեփական նախաձեռնությամբ, կալանք է դրել, բացի այդ, այս պահի դրությամբ, մեր ունեցած տվյալներով, 35 մլն դրամ հատկացվել է ինչ-որ փողոցի հարթեցման համար, մինչդեռ քաղաքապետարանը տարիներ շարունակ իր աշխատանքն արել է 2-3 տոննա սոլյարայուղով»,-խնդիրներ մատնանշեց Աղեկյանը:
Նա, անդրադառնալով գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից քաղաքապետարանի աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով աուդիտ հրավիրելու առաջարկին, նշեց, որ Վարդան Ղուկասյանն ինքն է կողմ աուդիտ հրավիրելու փաստին: «Այո՛, մենք ինքներս պահանջում ենք, որ աուդիտ լինի, որպեսզի համոզվեն՝ այդ պարտքն իրատեսական է, թե ոչ: Քանի, որ մարդիկ աշխատանք են տարել եւ կատարված աշխատանքի դիմաց իրենց գումարը պահանջում են»,-ավելացրեց Լիլիթ Աղեկյանը:
Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանին մեղադրում է քաղաքապետարանին 1 միլիարդ 200 միլիոն պարտք թողնելու մեջ: