Մարզային

Հեֆֆերնը Գյումրիում հույս է հայտնել, որ նոր քաղաքապետի հետ ավելի հեշտ կլինի նոր ներդրումային ծրագրեր իրագործել

3 րոպեի ընթերցում

Հեֆֆերնը Գյումրիում հույս է հայտնել, որ նոր քաղաքապետի հետ ավելի հեշտ կլինի նոր ներդրումային ծրագրեր իրագործել

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոյեմբերի 1-ին ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Վերջինս նախ շնորհավորեց Սամվել Բալասանյանին քաղաքապետ ընտրվելու առիթով եւ հույս հայտնեց, որ այս ընտրությունները Գյումրիին թարմ շունչ կտան:

«Հուսով եմ, որ Գյումրին առաջիկայում առավել գրավիչ կդառնա միջազգային կազմակերպությունների համար, որոնք ավելի պատրաստակամ կլինեն քաղաքում տարբեր ծրագրեր իրականացնելու գործում: Նախկինում շատ միջազգային կազմակերպություններ դժվարությամբ էին համագործակցում Գյումրիի հետ: Կարծում եմ` ինչքան հիմա թափանցիկ աշխատեք եւ բաց միջավայր ստեղծեք, այդքան շատ հնարավորություն կունենաք աշխատելու այլ երկրների հետ»,-նշեց դեսպանը:

Հանդիպման ընթացքում նորընտիր քաղաքապետը դեսպանին ներկայացրեց իր աշխատակազմի անդամներին եւ այն ծրագրերը, որոնք կիրականացվեն առաջիկայում:

«Քաղաքը մշակութային, սպորտային քաղաք է, այս ուղղությունները զարգացնելով հնարավոր կլինի նաեւ զարգացնել զբոսաշրջությունը: Մենք այստեղ ունենք «Կումայրի» արգելոց-թանգարանը, որը ճարտարապետական մեծ արժեք է: Արդեն դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Գյումրին իր ցուցակում ընդգրկելու խնդրանքով: Նաեւ դիմել ենք ՀՀ կառավարությանը՝ «Կումայրի» արգելոցի նախկին կարգավիճակը եւ սահմանները վերականգնելու առաջարկով: Կարծում եմ` եթե ՀՀ կառավարության Երեւանի Բաղրամյան փողոցից ասենք մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխի դա նույնպես կլուծի մի շարք խնդիրներ: Այստեղ ԱՄՆ կառավարության կողմից մի շարք ծրագեր են իրականացվել հիմնականում՝ ԱՄՆ ՄԶԳ, մենք պատրաստ ենք պարարտ հող ստեղծելու ցանկացած նոր ծրագրի համար»,-նշեց քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում քաղաքապետը, դեսպանի առաջարկով, խոստացավ նաեւ մտածել Գյումրիում նախկինում գործող ամերկյան որբանոցների շինությունների հետ կապված ծրագրի մասին:

Ջոն Հեֆֆերնն ընդգծեց, որ հանդիպում է ունենալու ամերիկահայ գործարարների հետ՝ Գյումրիում ներդրումներ կատարելու առաջարկով:

«Ես Գյումրիում եմ արդեն վեցերորդ անգամ, բայց այս անգամ այստեղ եմ Գյումրիի քաղաքապետարանի եւ ԱՄՆ դեսպանատան միջեւ գործընկերային կապեր ստեղծելու նպատակով: Համագործակցություն կլինի մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ աշխատատեղերի ստեղծման համատեղ ծրագրերի շուրջ: Կարեւորն այն է, որ ունենք գործընկեր, ում հետ կարող ենք աշխատել եւ կարծում ենք մենք այսուհետ կարող ենք ավելի մեծ ներկայացվածություն ունենալ Գյումրիում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դեսպանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում