Մարզային

Գյումրիի նոր քաղաքապետն աղմկահարույց բացահայտումներ է արել Վարդան Ղուկասյանի կուտակած ահռելի պարտքերի մասին

4 րոպեի ընթերցում

Գյումրիի նոր քաղաքապետն աղմկահարույց բացահայտումներ է արել Վարդան Ղուկասյանի կուտակած ահռելի պարտքերի մասին

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետարանի նախկին աշխատակազմը պետական ապարատի 1 տարվա ծախսերի համար նախատեսված գումարն ամբողջովին ծախսել է 9 ամսվա ընթացքում: Ոչ միայն ծախսվել է ողջ գումարը, այլ նաեւ ներկա աշխատակազմին փոխանցվել է ահռելի պարտք՝ միայն կոմունալ տնտեսության մասով 826 մլն 637 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 25-ին Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ նշեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ավագանին, որը դեռ գործող ավագանին է, հրավիրվել էր արտահերթ նիստի քաղաքապետարանի կողմից ֆինանսատնտեսական աուդիտորական ստուգումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը քննարկելու նպատակով: Սակայն ավագանու 15 անդամներից նիստին ներկա էին միայն 9-ը: Եթե օրակարգային 6 հարցից 5-ին ավագանու անդամները, սովորության համաձայն, քվեարկեցին բոլորը կողմ, ապա կատարված ֆինանսական գործարքները, քաղաքապետարանի կողմից եւ պատվիրատվությամբ իրականացված աշխատանքները ստուգելու համար աուդիտորներ հրավիրելու հարցին 9-ից 6-ը քվեարկեց դեմ, մյուսները մնացին ձեռնպահ, ինչը բնական էր, քանի, որ տվյալ որոշումները եւ աշխատանքներն իրականացվել են ավագանու հենց նույն կազմի որոշումների հիման վրա:

Սամվել Բալասանյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում մտնել ուրիշի այսպես կոչված «ճահիճը» եւ պատրաստ է այս հարցը քվեարկել նորընտիր ավագանու հետ, որն իր լիազորությունները կստանձնի նոյեմբերի 12-ին:

«Պարտքեր կան գազի, էլեկտրաէներգիայի, «ԱրմենՏելի», աշխատավարձի, գովազդի, հրատարակչության, շինարարական մի շարք կազմակերպությունների համար: Ինձ համար շատ զարմանալի է աշխատավարձի պարտքը: Այժմ կուտակված է աշխատավարձի 209 մլն դրամի պարտք՝ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների: Տեսնում ենք, որ եղել է դոտացիա, եւ այդ դոտացիան ուղղվել է կոմունալ ծախսերին, երբ կար աշխատավարձի պարտք: Իսկ կոմունալի պարտքը մարելու համար քաղաքապետարանին չի բավարարի նույնիսկ համայնքի բյուջեի ամբողջ մեկ տարվա գումարը»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Պարտքեր կան կուտակված նաեւ ասֆալտապատման եւ շինարարության ոլորտներում` «Ախուրյան ԿՈՈՊՇԻՆ» ընկերությանը՝ 59 մլն, «Մագնոն» ՍՊԸ-ին՝ 4 մլն, քաղաքապետարանը պարտք է նաեւ քանդակագործներին, Վերելակային տնտեսությանը՝ 41 մլն՝ արտաքին լուսավորության համար, «Մերձմոսկովյան» ընկերություն՝ 94 մլն եւ այլն:

«Նման կոմունալ ծախսերով համայնքը չի կարող շնչել: Նույնիսկ կան կազմակերպություններ, որոնք նամակով դիմել են՝ զգուշացնելով, որ իրենց պարտքը չվճարելու դեպքում կդիմեն դատարան: Ընդ որում` պարտքի մասով նամակ եղել է նաեւ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից: Պետք է ստուգել եւ հասկանալ: Զարմանալի է: Ինչպես կարելի է աուդիտ չհրավիրել: Ոչ մի շինարարական աշխատանք, որը կատարված է, ես իրատեսական չեմ համարում: Հարցերին պատասխան կտրվի միայն փորձաքննությունից հետո»,-ընդգծեց քաղաքապետը:

Գյումրիի նորընտիր քաղաքապետն նաեւ վստահեցրեց, որ ավելորդ ծախսերը բացառելու համար ինքը պատրաստ է նույնիսկ հրաժարվել թիկնապահների ծառայությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում