Գյումրիի քաղաքապետարանի շենք է տեղափոխվում Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը Գյումրիի քաղաքապետարանի շենք է տեղափոխվում: Հաշվի առնելով տեղափոխման բարդությունը` աշխատանքներն իրականացվում են Ախուրյանի եւ Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատների, Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների եւ տեխնիկայի օգնությամբ: Որմանանկարի առաջին՝ համեմատաբար փոքր կտորներն արդեն Ախուրյանի համայնքային պահեստներից տեղափոխվել են Գյումրի: Որմնանկարի մյուս՝ մեծ հատվածը կտեղափոխվի այս երկու օրերի ընթացքում: Որմնանակարի մասերը Գյումրի տեղափոխելուց եւ քաղաքապետարանի նիստերի դահլիճ բարձրացնելուց հետո կամրակայվեն պատին:
Մինաս Ավետիսյանի ամենամեծ «Հայկական հովվերգություն» որմնանկարը գտնվում էր Գյումրու «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում: Այս տարվա ամռանը իտալացի վարպետների կողմից՝ Ֆաբրիցիո Յակոբինի գլխավորությամբ, սկսվեցին վերականգնման աշխատանքերը, որոնք իրականացվեցին երեք փուլով: Ի դեպ, աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար որմնանակարը տեղափոխվել էր Ախուրյան:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, այս որմնանկարը մյուս որմնանակարների համեմատ մինչ վերականգնումը համեմատաբար լավ վիճակում էր, սակայն կար շուրջ վեց մետր վնասված հատված, որի բեկորները եւս տեղափոխվել են Գյումրի եւ կամրացվեն տեղում:
«Որմնանկարի չափերը հաշվի առնելով` այն հիմա բաժանված է հինգ կտորների: Քաղաքապետարանի դահլիճը թեեւ ներքին հարդարման կարիք ունի, բայց չեմ կարծում, որ հետագայում այդ աշխատանքները վնասեն որմնանկարին: Սակայն պետք է ուշադիր լինել»,-նշեց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:
Խոսելով Գյումրու քաղաքապետարանի կողմից այդ նպատակով տրամադրվող գումարների եւ պարտավորությունների մասին՝ Արման Ավետիսյանը նշեց, որ խնդիրը դեռ առկա է:
«Ես չէի ուզենա մանրամասնել այդ ֆինանսական խնդիրները: Այո՛, ֆինանսական խնդիրները առկա են: Կա դեռ վիճելի հարց, քանի որ, ըստ պայմանագրի, քաղաքապետարանն աշխատանքների մի մասը վերցրել է իր վրա, սակայն այդպես էլ դեռ չի արել»,-նշեց նկարչի որդին: