«Պրավդա»-ն անդրադարձել է հայկական ինքնաթիռի «էրզրումյան վայրէջքին» եւ Էրզրումի պատմականորեն հայկական քաղաք լինելուն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական տեղեկատվական-վերլուծական Pravda համացանցային պորտալն անդրադարձել է Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռի Էրզրումում կատարած վայրէջքին եւ Էրզրումի` պատմականորեն հայկական քաղաք լինելու փաստին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Pravda.ru-ում նյութի հեղինակ Լիզա Կարպովան նախ գրել է, որ թուրքական իշխանությունները հետախուզություն անցկացրեցին Հայաստանից Սիրիա թռչող բեռնատար օդանավում, երբ այն վայրէջք կատարեց Էրզրումի օդանավակայանում:
«Անկարան պահանջել է ստուգել ուղեբեռն այն բանի համար, որ ինքնաթիռը թռչում է «այսպես կոչված» թուրքական օդային տարածքով: Այս տարածքը` Էրզրումը, 1915 թվականին Հայոց ցեղասպանության ընթացքում եղել է լայնածավալ տեղահանումների կենտրոն: Ճակատագրի հեգնանքով` պատմականորեն հայկական քաղաք Էրզրումից 1915 թվականի ապրիլին հարյուրավոր նշանավոր հայեր ձերբակալվեցին, որոնցից շատերը մտավորականներ էին, համայնքի ղեկավարներ, լրագրողներ եւ վաճառականներ: Որոշ ժամանակ անց նրանք մահապատժի ենթարկվեցին»,-նշել է հոդվածագիր Լիզա Կարպովան:
Ռուս լրագրողը նյութում շեշտում է. «անգամ այսօր Էրզրումում եւ թուրքերի կողմից բռնազավթված Արեւմտյան Հայաստանի տարածքումկարելի է գտնել անմխիթար վիճակում հայտնված շատ հայկական եկեղեցիներ»: Կարպովան այնուհետ անդրադառնում է «Էյր Արմենիա» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռին` ընդգծելով, որ վայրէջք կատարելուց մի քանի ժամ անց ինքնաթիռին թույլատրել են շարունակել թռիչքը, երբ համոզվել են, որ այն հումանիտար օգնություն է տեղափոխում Հալեպ: «Թուրքիան համարվում է Սիրիայի ահաբեկիչների կողմնակիցը եւ աջակիցը, որոնց նպատակը սիրիական իշխանություններին տապալելն է: Թուրքիան ստեղծել է ահաբեկչական զորավարժանքների ճամբարներ` ահաբեկիչների համար պարարտ հող ապահովելով: Անգամ նրանց սպաներից եւ անվտանգության աշխատակիցներից ոմանք ձերբակալվել են Սիրիայի սահմանին, երբ ահաբեկիչների հետ մարտական գործողություններ էին իրականացնում»-եզրափակել է Կարպովան:
Հայկական ինքնաթիռը հոկտեմբերի 15-ին «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման մարդասիրական օգնությունը` 15 տոննա սնունդ, տեղափոխում էր Հալեպ: Օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերության ինքնաթիռը Էրզրումի օդանավակայանում վայրէջք էր կատարել:
Թուրքական NTV հետուստալիքը հայտնել էր, թե Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: Ինքնաթիռում խուզարկություն է սկսվել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հայկական ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հալեպ, Էրզրումում իջեցվել է ստուգման նպատակով:ՀՀ արտգործնախարարությունն էլ հայտնել էր, որ Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։