Մարզային

Պատրիկ Լորենը խոստացել է, որ ավելանալու են Գեղարքունիքում ջրամատակարաման բարելավմանն ուղղված ներդրումները

3 րոպեի ընթերցում

Պատրիկ Լորենը խոստացել է, որ ավելանալու են Գեղարքունիքում ջրամատակարաման բարելավմանն ուղղված ներդրումները

ԳԱՎԱՌ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի երկու տասնյակից ավելի համայնքներում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջանքերով բարելավվում է խմելու ջրի մատակարման որակը: Շուրջ երկու ամիս առաջ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը եւ Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային եւ որոշ գյուղական համայնքների ղեկավարներ, խնդիր դրվեց համատեղ աշխատանքով վեր հանել համակարգում առկա բոլոր դժվարությունները եւ հասնել խմելու ջրի մատակարաման բարելավմանը:

Հոկտեմբերի 11-ին նույն խնդիրների եւ հանձնարարականների շուրջ քննարկում կազմակերպվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ, որին մասնակցեցին Պատրիկ Լորենը եւ մարզի համայնքների շահագրգիռ ղեկավարները: Լճաշենի, Չկալովկայի, Գանձակի, Նորաշենի, Սարուխանի, Նորատուսի, Հայրավանքի, Ծովազարդի եւ Ներքին Գետաշենի գյուղապետերը նշեցին, որ անցած երկու ամիսների ընթացքում իրենց մոտ շատ բան է փոխվել դրական առումով, եւ համատեղ ու համագործակցված աշխատանքը «Հայջրմուղկոյուղու» հետ շարունակվում է:

Պատրիկ Լորենն իր հերթին, գոհունակություն հայտնելով համագործակցությունից, հավելեց, որ հաջորդ տարվանից սպասվում են վարկային նոր ծրագրեր, ուստի ներդրումների ծավալը Գեղարքունիքում կավելանա` լուծում տալով ջրամատակարարման եւ ջրահեռացման մի շարք հիմնախնդիրների հատկապես Մարտունի , Ճամբարակ, Սեւան քաղաքներում, գյուղական այլ համայնքներում:

Համագործակցության միակ չստացված դեպքը մնում է Վարդենիս քաղաքը, ուր, ըստ Պատրիկ Լորենի, մարդիկ շարունակում են հրաժարվել ջրաչափեր տեղադրելուց, «եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն այստեղ խուսափում է ներդրումներ կատարելուց, քանի դեռ չեն տեղադրվել ջրաչափերն ինչպես առանձնատներում, այնպես էլ բազմաբնակարան շենքերում»:

Կանխելով փոխադարձ մեղադրանքները` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց առաջիկայում Վարդենիսում գումարել ավագանու նիստ, հատուկ քննության առնել խնդիրը եւ բնակչության ու սպասարկող կառույցի հետ համատեղ փորձել հասնել խնդրի արդյունավետ լուծման:

Հանդիպումից հետո մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ սկսված համագործակցությունն ունենալու է հուսալի շարունակություն, նորացվելու եւ ընդարձակվելու է մարզի ջրամատակարման համակարգը, չեն մնալու անլուծելի խնդիրներ այս ոլորտում, այդ թվում եւ Վարդենիս քաղաքում:-

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում