Հասարակական

Ռուս-հայկական գիտարշավը դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր կապահովի

4 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական գիտարշավը դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր կապահովի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական գիտազբոսաշրջային արշավը կնպաստի Հայաստանի ճանաչողականության բարձրացմանը և հայ ու ռուս ժողովուրդների շփումների ընդլայնմանը: Այս մասին հոկտեմբերի 9-ին«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլյավ Կովալենկոն:«Այս արշավը դարձավ շփումների ձևերից մեկը, որը թույլ կտա ավելի լավ ճանաչել միմյանց և ռուսական հասարակության համար Հայաստանում բացահայտել դեռևս անհայտ էջեր: Հուսով եմ, որ մոտ ապագայում նոր զբոսաշրջիկների հոսք կլինի Հայաստան, որոնք մեծ հետաքրքրությամբ կուսումնասիրեն երկրի հնագույն պատմությունը նրա հուշարձաններով»,- ասաց Կովալենկոն: Դեսպանը զբոսաշրջության զարգացման գործում հաջող ուղղություն համարեց արշավի նախագիծը: Նա նշեց, որ հայ և ռուս ժողովուրդներին կապում է հարուստ պատմական անցյալը, կրոնական ընդհանրությունները և դաշնակցային հարաբերությունները:

Ռուսական տուրիզմի միջազգային ակադմիայի ռեկտոր Իգոր Զորինի խոսքով` աշխարհը շատ քիչ բան գիտի Հայաստանի հարուստ մշակույթի մասին: Նա ընդգծեց Հայաստանի հոգևոր զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորությունները: «Սկզբում գիտարշավն է անցկացվում, որին հետևում է զբոսաշրջային երթուղիների հայտնվելը: Արշավի խնդիրն է ներկայացնել այն, ինչ չգիտի աշխարհը»,- ասաց Զորինը: Նա նշեց, որ Հայաստանում արշավի մասնակիցները զգացին եղբայրական ջերմ մթնոլորտի առկայությունը:

Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը կարևորեց Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին համապարփակ պատկերացումների ընդլայնումը: «Ամենակարևորը մեզ անհրաժեշտ է ռուս զբոսաշրջիկին «վերադարձնել» Հայաստան: Մեզ մոտ ամեն ինչ կա՝ հյուրասեր մարդիկ, բնություն, եղանակային պայմաններ, սնունդ: Մեզ շատ լավ զբոսաշրջային կադրեր են պետք»,- ասաց Մինասյանը:

Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը կարևորեց պատանեկան և երիտասարդական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում: «Մենք վստահ ենք, որ գիտազբոսաշրջային արշավի արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա»,- ասաց նա:

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված առաջին համատեղ գիտարշավն անցկացվեց սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հովանավորությամբ:

Իր տեսակի մեջ աննախադեպ այս արշավի ընթացքում Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի ներկայացուցիչները հատեցին Հայաստանի տարածքի մի զգալի մասը՝ անցնելով շուրջ 1600 կմ:

Արշավը նպատակ ուներ բացահայտել նոր զբոսաշրջային ռեսուրսներ, նպաստել նոր մրցունակ «զբոսաշրջային արդյունքների» ձևավորմանը և ռուսական շուկային պատշաճ ներկայացմանը: Գիտարշավի արդյունքում կընտրվեն հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնք կներկայացվեն ՅՈւՆԵՍԿՕ-ին` պատմական-մշակութային ժառանգության ցուցակներում ընդգրկելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում