Քաղաքականություն

«Խավիարով շահագրգռված» եվրոպացիները երկար չեն կարող հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ համագործակցությանը. Մայքլ Քամբեք

12 րոպեի ընթերցում

«Խավիարով շահագրգռված» եվրոպացիները երկար չեն կարող հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ համագործակցությանը. Մայքլ Քամբեք

ԲՐՅՈւՍԵԼ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «խավիարային» քաղաքականությունը քննարկումների լայն առիթ հանդիսացավ միջազգային տարբեր կառույցներում: Եվրոպացի որոշ պաշտոնյաներ ցավով ընդունեցին իրենց գործընկերների «գնված» լինելու հանգամանքը: Ադրբեջանական նավթադոլարները հակահայկական նպատակներով ծախսելու, ապատեղեկատվության բացասական ազդեցության ու եվրոպական տարբեր կառույցներում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության հայանպաստ գործության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կազմակերպության գլխավոր քարտուղար, դոկտոր Մայքլ Քամբեքի հետ:

-Դոկտոր Քամբեք, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախագահ Իլհամ Ալիևը, հայկական լոբբին հաճախ նկարագրում են որպես իրենց համար ամենամեծ սպառնալիք: Մինչդեռ իրականում, ամբողջովին այլ իրավիճակ է Բրյուսելում: Ադրբեջանական տարբեր կազմակերպություններ, այդ թվում` Եվրոպական ադրբեջանական հասարակության դաշինքն (TEAS) ու Ադրբեջանի հաղորդակցության գրասենյակը (OCAZ) լուրջ հակահայկական գործունեություն են իրականացնում:

-Ճիշտ է, բայց եթե ես որևէ կարծիք արտահայտեմ նրանց գործունեության մասին, ապա իմ կարծիքն անաչառ չի համարվի: Այդ պատճառով, առավել նպատակահարմար է, որ ես հղում կատարեմ մի հետաքրքիր հոդվածի, որը հրատարակվել է Լոնդոնում գործող ոչ կառավարական կազմակերպության կողմից, որը կոչվում է Հետախուզական լրագրության բյուրո: Նրանք ներկայացրել են, թե ով է կանգնած TEAS-ի հետևում` նշելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի որդու՝ Կամալադին Հեյդարովի անունը: Հոդվածում վերլուծվել է «խավիարի քաղաքականությունը»: Մեր փորձից և դիտարկումներից ելնելով` կարող եմ ասել, որ հիմնականում լոբբինգի այս տեսակն արդյունավետ է, սակայն ներգրավված անձիք շատ կարճ ժամանակահատվածում հասկանում են, որ իրենց օգտագործել են և այսպիսով` հավատարիմ չեն մնում համագործակցությանը երկարաժամկետ կտրվածքով: Շատ քչերն են շարունակում իրենց հավատարմությունն Ադրբեջանի հանդեպ՝ կախված նրանից, թե ինչն է նրանց շահադրդում դրան: Սա բացահայտելն արդեն հետախուզական լրագրության գործն է:

-Ինչպե՞ս են նրանք իրենց լոբբինգն իրականացնում Եվրոպական խորհրդարանում:

-Նրանք իրենց սեփական խորհրդարանի անդամներին են ուղարկում, և նրանց միջոցով խորհրդարանի ներսում համակարգում են ադրբեջանական գաղտնի բարեկամական խումբ: Ես այդ խմբին գաղտնի եմ անվանում, քանի որ այնտեղ անդամակցությունը գաղտնի է: Խորհրդարանի անդամ Եվգենի Կիրիլովը (Սոցիալ-դեմոկրատների միության խմբակցություն (S&D), Բուղարիա) մեկ անգամ նշեց, որ նա այդ խմբի անդամ էր, թեպետ չնշեց իր կոնկրետ գործառույթն այնտեղ: Մինչ այսօր հայտնի չէ, թե ով է այս խմբի ծախսերը ֆինանսավորում, և ոչ մի տեղ հանրությանը հասանելի տեղեկատվություն տրամադրված չէ դրա մասին: Մենք կարծում ենք, որ այս տեսակի գործողությունները չեն համապատասխանում եվրոպական լոբբինգի կանոնների հոգուն և տառին:

-Կարո՞ղ եք, խնդրեմ, կոնկրետ օրինակներ բերել:

-Հայաստանի վերաբերյալ երկու բանաձև էր քննարկվում ԵԽ-ի գարնանային նստաշրջանում (ապրիլին, Ստրասբուրգյան շաբաթ): Բանաձևի փոփոխությունների տարբերակ էր շրջանառվում, որը տարօրինակաբար համընկնում էր Ադրբեջանի կառավարության կողմից հրապարակված հայտարարությունների հետ` անգամ ներառելով քերականական սխալները: Սա իրականացվել է ամբողջովին տարբեր խմբակցություններից, տարբեր մարդկանց կողմից: Ակնհայտորեն, այդ փոփոխությունները մշակվել էին ԵԽ-ից դուրս և մշակողները խորհրդարանի անդամները չէին: Առավել թարմ օրինակ է խորհրդարանի անդամ Ինես Վադերը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP), Լատվիա), ով Եվրախորհրդարանում էլեկտրոնային փոստով սեպտեմբերի 12-ին (բանաձևի ընդունումից մեկ օր առաջ), Սաֆարովի դեպքի վերաբերյալ մի նամակ էր տարածել, ակնհայտորեն ադրբեջանական աղբյուրից ստացված` կեղծ տեղեկություն տրամադրելով Վարուժան Կարապետյանի մասին: Չնայած ադրբեջանական քարոզչամեքենային` այս նյութը չներառվեց բանաձևի վերջնական տեքստում, քանի որ մի շարք խորհրդարանականներ խնդրեցին և’ մեզ, և’ այլ աղբյուրների հավաստելու պարոն Կարապետյանի վերաբերյալ այս տեղեկությունը: Երբ ԵԽ-ի անդամները տեսան, որ զուգահեռներ հնարավոր չի անցկացնել այս երկու դեպքերի միջև, նրանք ջնջեցին բանաձևից համապատասխան տողերը: Դժբախտաբար, եվրոպական պառլամենտը միակ հաստատությունը չէ, որտեղ Ադրբեջանի կողմից փորձ է արվում հայատյաց ռազմավարություն իրականացնել: Նրանք փորձում են որքան հնարավոր է շատ եվրոպական ազգային խորհրդարաններում գործունեություն ծավալել, և սա շատ վտանգավոր մեխանիզմ է: Եկեք դիտարկենք այն դեպքերը, երբ Ադրբեջանը փորձում է Եվրոպական ազգային խորհրդարաններում անարժանահավատ տեղեկություն տրամադրել՝ առաջ տանելով այն, ինչ նրանք անվանում են «Խոջալուի եղեռն». օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթերն այդ մասին: Որոշ միամիտ և քիչ տեղեկացված պատգամավորներ, անգամ լավագույն մտադրություններով` հավատում են այս ամենին: Սա միամտության և ինֆորմացիայի պակասի չարաշահում է: Մենք վերջերս կանգնեցրել ենք այս տիպի բանաձևի ընդունումը Հռոմում:

Հանրությունը տեղեկացված չէ, թե քանի գործակալություն է Ադրբեջանը վարձել եվրոպական մայրաքաղաքներից շատերում իր ծավալած գործունեությանն աջակցելու համար: Օրինակ, մենք տեղյակ ենք, որ Հանս-Դիտրիխ Գենշերը` Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարարը և փոխկանցլերը, զանգահարել է մի պատգամավորի` ապրիլյան բանաձևերի մասին զրուցելու համար: Նա Consultum-ի՝ Բեռլինում Ադրբեջանի համար աշխատող հասարակայնության հետ կապերի (PR) գործակալության խորհրդի անդամ է:

Վատ լոբբինգ իրականացնելու մեկ այլ օրինակ նշեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր և ԵԽ-ի Հարավկովկասյան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի (ԵԺԿ, Լիտվա) դեպքը: Ես նրան հարգում եմ այն ամենի համար, ինչ նա արել է իր երկրի համար: Ինչևէ, նրա տարիքը և հայացքները հաշվի առնելով` նա թողնում է ռուսատյաց և հայատյաց անձնավորության տպավորություն: Որպես կանոն նա, առողջական պատճառներից ելնելով, չի ճանապարհորդում: Սակայն ապրիլին ստրասբուրգյան շաբաթվա ընթացքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ԵԽ-ի բանաձևերն էին քննարկվում, նա, ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, եղել էր Բաքվում և հանդիպել էր նախագահ Ալիևի հետ: Ապա նույն շաբաթվա ընթացքում, քվեարկության օրը, ներկայացել է ԵԽ-ի լիագումար նիստին: Այսպիսով, ստացվում է, որ նա ջանք չէր խնայել մեկնելու Բաքու և ապա վերադառնալու ճիշտ ժամանակին Ստրասբուրգում քվեարկության օրը ներկա գտնվելու համար, ինչն ակնհայտորեն շատ բարդ է: Աղբյուրներից մեկը հայտնել է մեզ, որ նա այդ նպատակի համար օգտագործել է մասնավոր ինքնաթիռ, բայց մենք ի վիճակի չենք եղել ստուգելու այդ տեղեկատվությունը: EU Observer լրատվական ծառայությունը հարցեր է ուղղել նրան այս նույն թեմայի շուրջ, սակայն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ո՞վ է վճարել դեպի Բաքու և հետ կատարած ուղևորության համար:

Այնուհետ նա ներկայացրեց բանավոր լրացում՝ բանաձևի տեքստի մեջ, այդպիսով ներառելով Ադրբեջանի պաշտոնական պահանջը` «առաջին հերթին» զորքերը Ղարաբաղից դուրս բերելու մասին, ինչը հակասում է Մինսկի խմբի Մադրիդյան սկզբունքներին, որոնց ԵԽ-ն միշտ մեծապես սատարել է: Համաձայն կանոնակարգի՝ նման բանավոր ուղղումները չեն կարող ընդունվել Եվրախորհրդարանում, եթե պատգամավորների մի խումբ համաձայն չէ դրա հետ, ինչը և տեղի ունեցավ տվյալ դեպքում: Սակայն ԵԽ-ի անձնակազմը սխալ կատարեց և թույլ տվեց քվեարկություն անցկացնել, այդպիսով` սխալմամբ փոփոխելով վերջնական տեքստը չնայած այն փաստին, որ արդեն համաձայնեցվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ երկու բանաձևերն էլ պետք է պարունակեն միևնույն ձևակերպումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, այսինքն՝ պետք է համահունչ լինեն Մինսկի խմբի սկզբունքներին: Բանաձևի տեքստն անմիջապես հայտնվեց ադրբեջանական լրատվամիջոցներում, որտեղ նշվում էր, որ զորքերի անվերապահ դուրս բերման հարցում ԵԽ-ն լիովին սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը:

Եվրախորհրդարանում տարիներ շարունակ աշխատած պատգամավորներից շատերը ցնցված էին այս ամենից, քանի որ Լանդսբերգիսը տեղյակ էր այն մասին, որ իր սեփական խումբը դեմ է նման լրացմանը: Բայց, ըստ երևույթին, նա պատճառներ ուներ ցույց տալու, որ փորձում է ադրբեջանամետ «ինչ-որ» բան անել, և սխալի շնորհիվ, նրան անգամ հաջողվեց դա անել: Մի քանի օր հետո Նախագահների համաժողովը ուղղեց այս սխալը, և Լանդսբերգիսը զգուշացում ստացավ ԵԺԿ-ի խմբում իր վարքագծի համար: Ամբողջ Եվրոպայով մեկ Հայաստանը մշտապես բախվում է նման գործողությունների: Ադրբեջանի դեսպանությունները շատ լավ ապահովված են և ունեն ավելի մեծ թվով աշխատակիցներ, քան հայկական դեսպանությունները: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ինչքան հնարավոր է շատ ամրապնդի Եվրամիությունում գտնվող իր դեսպանությունների դիրքերը:

- Կարո՞ղ եք ավելի մանրամասն անդրադառնալ Սաֆարովի վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու «ԱԼԴԵ»-ի (Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք) վերջին րոպեի որոշմանը: Նրանք այդ բանաձևի նախաձեռնողներից մեկն էին. Եվրախորհրդարանում հարցեր չե՞ն բարձրացվել արդյոք, թե ինչո՞ւ այդպես տեղի ունեցավ:

- Այո, դա զարմացրեց շատերին, և այս հարցը լիագումար նիստի քննարկումների ժամանակ բարձրացվեց: Բանաձևը քվեարկության դնելուց մեկ օր առաջ Եվրանեստի ադրբեջանական պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովն ադրբեջանական մամուլում հոդված հրապարակեց, որում նա հրապարակայնորեն պարծենում էր, որ հետ է պահել ԱԼԴԵ խմբին իրենց իսկ նախաձեռնած բանաձևի օգտին քվերակելուց՝ օգտագործելով Եվրախորհրդարանի պատգամավոր Նորիցա Նիկալային (Ռումինիա, ԱԼԴԵ):

-Ինչպե՞ս եք դուք պայքարում նման ապատեղեկացվածության դեմ:

-Մենք ցույց ենք տալիս որոշում կայացնողներին, որ որոշ ուժեր փորձում են օգտագործել իրենց: Մենք տրամադրում ենք փաստեր և թվեր, վստահելի աղբյուրներ, որոնց տրամադրած տեղեկատվությունը կարող է ստուգվել: Տարիներ շարունակ մենք հանդիսանում ենք տեղեկատվության վստահելի աղբյուր, և մարդիկ մեզնից հարցնում են մեր տեսակետների մասին: Եվրախորհրդարանի պատգամավորները և այլ որոշում կայացնողները արդեն գիտեն, որ կարող են ապավինել մեզ:

Հարցազրույցը` Էմմա Արղությանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում