Հասարակական

ԱՄՆ-ն ձգտում է Հայաստանին դաշնակից դարձնել տարածաշրջանում. Truman National Security Project

6 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ձգտում է Հայաստանին  դաշնակից դարձնել տարածաշրջանում. Truman National Security Project

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ ամերիկացիներ չեն զարմանա` իմանալով, որ աշխարհում Միացյալ Նահանգների ամենամեծ դեսպանատունն Իրաքի մայրաքաղաք Բաղդադում է: Սակայն, զարմանալի է, որ աշխարհում երկրորդն իր մեծությամբ գտնվում է Հայաստանում: Այն հարց է առաջացնում` ինչո՞ւ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նման հարցադրում է անում Վաշինգտոնի «Truman National Security Project» ազգային անվտանգության ինստիտուտի լրագրող եւ ռազմագետ Դանիել Գայնորը եւ ինքն էլ պատասխանում. «Սրա լավագույն բացատրությունը տեղանքն է` այսինքն երկրի գտնվելու վայրը»: «Հայաստանը, որը չունի ելք դեպի ծով, կարող է ամենավատ հարեւան երկիրը լինել աշխարհում, սակայն ԱՄՆ-ի աչքերով, այն կարող է լինել ԱՄՆ դաշնակից երկրների ցանկում կարեւրագույն դիրք զբաղեցնող երկրներից մեկը` նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության առաջխաղացման համար»,-գրում է Դանիել Գայնորը «Truman National Security Project»-ի կայքում:

Գայնորն անդրադառնում է նաեւ Հայաստանի բնական ռեսուրսներում նավթի բացակայությանը` գրելով, որ «այն, ինչ երկրին չի բավականացնում բնական ռեսուրսների ոլորտում, նավթն է. այն շատ քիչ նավթ, գազ կամ ոսկի ունի»: Ռազմագետը գրում է, որ Հայաստանը սահմանակից է Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին եւ Իրանին եւ նշում. «ԱՄՆ-ն այս երկրներին նշանակալի կարեւորություն է տալիս, եւ Հայաստանը, այս առումով, աստճանաբար գալիս է տեսադաշտ` որպես ամերիկյան նպատակներն առաջ տանելու պոտենցիալ հզոր լծակ»:

Հոդվածագիրնայս ամենին ավելացնում է. «Քանի որ ԱՄՆ-ը փորձում է հետամուտ լինել, որպեսզի Հայաստանը տարածաշրջանումդառնա ուժեղ դաշնակից, ապա «աշխարհառազմավարական» տերմինն այս դեպքում երբեք ավելի տեղին չի եղել: «Հայաստանը բառացիորեն գտնվում է մի շարք երկրների ցանկում, որին Վաշինգտոնը համարում է իր գլխավոր գերակայություններից մեկը: Տնտեսական եւ դիվանագիտական խրախուսումների միջոցով ԱՄՆ-ն ակտիվ փորձում է Հայաստանին դարձնել իրեն դաշնակից պետություն: Քանի որ նախագահ Օբաման փորձում է տնտեսապես մեկուսացնել եւ տապալել Իրանին, այս առումով Հայաստանը համարվում է կարեւոր կետ այս ռազմավարության համար»,-գրում է նա:

Ռազմագետը նշում է, որ մինչ Հայաստանը փորձում է խորացնել հարաբերությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, ներկա պահին նրա լավագույն երկու գործընկերները, թերեւս, համարվում են Ռուսաստանը եւ Իրանը: «Իր չորս հարեւաններից երկուսի` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները փակ են: Թուրքիան, որին New York Times-ը վերջերս անվանել էր «Հայերի պատմական վրեժխնդրությունը», դեռեւս խելագրավում է, երբ Հայոց ցեղասպանության հետ կապված որեւիցե ակնարկ է լսում: Իսկ Հայաստանը հայտարարում է, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում կատարվածի մեղքը վերցնել իր վրա: Այս առումով ցանկացած մեկնաբանությունում փաստերն ակնհայտ են. 1.5 մլն հայ է զոհվել 1915 թ. սպանդի ժամանակ»,-շարունակում է ռազմագետը: Այնուհետ նա մեջբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող գործընթացները` գրելով, որ երկու երկրիների միջեւ հարաբերություններն ավելի անկում ապրեցին, հատկապես, երբ Հունգարիան հայրենիք արտահանձնեց հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ում նախագահ Ալիեւը ներում շնորհեց եւ ազատ արձակեց: «Ադրբեջանը նաեւ հպարտանում է իր նավթով: Իսրայելը ամրապնդել է հարաբերությունները Ադրբեջանի հետ` ձեռք բերելով իր նավթի 30 տոկոսը հենց Ադրբեջանից, ինչպես նաեւ վաճառելով նրանց 1.5 միլիարդ դոլարի զինամթերք: ԱՄՆ-ն եւս գնում է ադրբեջանական նավթ»,-ասում է ամերիկացի փորձագետը:

Այս ամենով հանդերձ, ըստ Գայնորի, Հայաստանը հմտորեն դիվանագիտական քայլեր է անում: «Եվ ինչպես իմ գրքում է բացատրվում «Չնայած իր սահամափակ ռեսուրսներին` Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքականության վարպետ»: Էլ ո՞ր երկիրն է աշխարհում պահպանում լավ հարաբերություններ ԱՄՆ-ի, Ռուսատանի եւ Իրանի հետ»,-ընդգծում է Truman National Security Project» ազգային անվտանգության ինստիտուտի լրագրող եւ ռազմագետ Դանիել Գայնորը: Ռազմագետը հոդվածն ամփոփում է խորհուրդով. «Եթե ԱՄՆ-ն հույս ունի խորացնել համագործակցությունը, ապա այն պետք է ավելի ամրապնդի իր գործարքները եւ առեւտրի շուրջ համաձայնագրերը` առաջարկելով երկրին տնտեսական բարեփոխումներ եւ նպաստելով Հայաստանումմասնավոր հատվածի զարգացմանը»:

Դանիել Գայնորնայս օրերին գտնվում է Հայաստանում եւ Վրաստանում: Նա ուսումնասիրում է Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, էներգետիկ անվտանգությունը եւ ժողովրդավարությանն առնչվող հարցերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում