ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reuters գործակալությունը անդրադարձել է աշխարհի ամենամեծահասակ թենիսիստ արգենտինահայ Արթին Էլմայանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թենիսի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային ցուցակում արգենտինահայ Էլմայանը 26-րդն է: Նա սկսել է թենիս խաղալ 39 տարեկանից եւ անգամ հիմա` 95 տարեկան հասակում, շարունակում է խաղալ:
Արթին Էլմայանը մեծահասակ 39 թենիսիստների ցանկում միակն է, որ ծնվել է 1920 թ.-ից շուտ: «Ես այնքան էլ վատ չեմ խաղում: Անցած տարի երկու անգամ եմ երկրորդ տեղը զբաղեցրել: Ինձ մոտ այսպես է. սկզբում ուտել, ապա թենիս խաղալ: Դա իմ կյանքի մի մասն է, միշտ պահպանել կազմվածքը եւ լինել ճիշտ մարզավիճակում: Թենիսով զբաղվելն օգնում է քեզ առույգ մնալ, չգիրանալ, անգամ օգնում է շրջանցել խնդիրներդ»,-ասել է Էլմայանը:
Էլմայանն Արգենտինա գաղթել է 1938 թ.-ին: Նա շաբաթը երեք անգամ արվարձաններից գնում է Բուենոս Այրես` այնտեղ զբաղվելու իր սիրած գործով: